Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամն է կառուցվում կառավարական համալիր. Նարեկ Սարգսյան
Երևանում՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում այսօր կբացվի նորակառույց կառավարական վարչական համալիրը, որի շինարարության մեկնարկը տրվել է 2013 թվականի ապրիլին:
Նոր համալիրը կառուցվել է Արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա:
Համալիրի կառուցապատված և բարեկարգված տարածքն ընդգրկում է նախկին Սևան հյուրանոցի սահմանագծից մինչև ՀՀ Գլխավոր դատախազության շենք և Վ. Սարգսյան փողոցից մինչև Զաքյան փողոցի հատվածը:
Գլխավոր մասնաշենքում կտեղակայվեն արտաքին գործերի՝ այդ թվում դիվանագիտական ակադեմիայի, կրթության գիտության, մշակույթի, սփյուռքի նախարարությունները:
Առանձնացված մասնաշենքում, որը գտնվում է Զաքյան փողոց նայող հատվածում, կտեղափոխվի Արդարադատության նախարարությանը: Վարչական երկու մասնաշենքերը միմյանց հետ կապված են ստորգետնյա մեկհարկանի ավտոկայանատեղիով:
Գլխավոր մասնաշենքի հորինվածքը հնարավորություն է ընձեռել տարբեր գերատեսչությունների համար ստեղծել առանձնացված մուտքերով, նախասրահներով, վերելակներով և աստիճանավանդակներով ապահովված գործունեության պայմաններ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, շենքի ճարտարապետական լուծումներ մշակվել են քաղաքաշինական և ազգային ճարտարապետական մոտեցումներին համահունչ, կառավարական վարչական համալիրին հաղորդելով մոնումենտալ կերպար:
«Ընդհանուր առմամբ բարդ խնդիր էր տեղաբաշխել նախարարությունները. սկզբից նախատեսված էր այստեղ տեղափոխել չորս նախարարություն, հետագայում դարձավ հինգ նախարարություն: Տարածքը մոտ 5000 քմ է և այդ տարածքում կազմակերպել բոլորի առանձնացված մուտքերը և մոտեցումները՝ դյուրին խնդիր չէր: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամն է կառուցվում կառավարական համալիր: Կարևորն այն էր, որ ճարտարապետությունը լինի շարունակությունը բոլոր այն շենքերի, որ մենք ունեցել ենք մինչև հիմա»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Ներկայացնելով շինությունը նա նշեց, որ նախագծի մշակման ճարտարապետական հայեցակարգի համար հիմք է ծառայել նախկինում այս հատվածում գտնվող արդարադատության նախարարության շենքի ծավալատարածական հորինվածքը:
Նոր նախագծում վերամշակված ձևով կրկնվել է ոչ միայն ճակատների կոր պլաստիկան և մի շարք այլ լուծումները, այլև վերաշարադրված է նախկինում գոյություն ունեցող աշտարակը, դարձնելով այն կոմպոզիցիոն առանցք Շահումյանի հրապարակի նկատմամբ:
Պահպանված են նաև նախկին շենքի պարագծային լուծումները և անմիջապես հարևանությամբ գտնվող շենքի մասշտաբային հարաբերությունները՝ ստանալով առաջին պլանում մինչև 24 մետր բարձրությամբ 6 հարկանի շինություն:
Նշվեց նաև, որ Վազգեն Սարգսյան փողոցի կողմից կամարակապ շքամուտքն ունի 12,5 մետր լայնություն և 16,5 մետր բարձրություն:
«Շինության կամարը վերածել ենք հաղթակամարի, իսկ կամարի աջ և ձախ կողմերում կան զարդաքանդակներ, որոնք կառավարական շենքերի զարդաքանդակների կրկնությունն են»,-ընդգծեց Նարեկ Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ մինչև փետրվարի վերջ բոլոր հինգ նախարարությունները կտեղափոխվեն կառավարական վարչական համալիր:
«Նախարարությունների բնականոն գործընթացը չպետք է խաթարվի և հատված առ հատված մինչև փետրվարի վերջ կտեղափոխվեն այստեղ»,- ասաց նա:
Նարեկ Սարգսյանը վստահ է, որ նախարարության աշխատակիցները գոհ կլինեն այս պայմաններից, քանի որ դրանք շեշտակի բարելավվել են և այս նոր համալիրը համեմատելու չէ նախարարությունների շենքի հետ:
«Սա երկրի դիմագիծը ձևավորող կարևոր կառույցներից մեկն է»,- եզրափակեց Նարեկ Սարգսյանը:










