Թուրքիայի մի շարք բնակավայրերում խոշոր ռազմական գործողություն է սկսվել. լսվում են կրակոցների ու պայթյունների ձայներ
Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոփ և Ջիզրե շրջաններում արդեն երկու օր է՝ պարետային ժամ է հայտարարված։ Չնայած դրան՝ բնակիչներն այսօր կրակոցների ու պայթյունների ձայնից են արթնացել։
Milliyet թերթի կայքը հաղորդում է բախումների մասին։ Բնակավայրերի մուտքերն ու ելքերը փակված են։
Թուրքիայի ուժային կառույցներն այս բնակավայրերում լայնամասշտաբ գործողություն են սկսել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ։
Արդեն մի քանի օր է իրավիճակը լարված է Սիլոփ, Սիլվան, Ջիզրե, ինչպես նաև Դիարբեքիրի Սուր շրջանում։ Ավելի վաղ հաղորդվել էր զոհերի ու վիրավորների մասին, սակայն նրանց ստույգ թիվը չի հաղորդվում։
Թուրքիայում իրավիճակը կտրուկ վատացել է հուլիսից ի վեր. հուլիսի 20-ին, լրատվամիջոցների հաղորդմամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչություն է իրականացրել Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում։ Այդ ժամանակ մահացել էր 33 մարդ։










