Ճապոնուհիներին թույլատրել են ամուսնանալ ամուսնալուծվելուց անմիջապես հետո
Ճապոնիայի Գերագույն դատարանը Սահմանադրությանը հակասող է ճանաչել 1898 թվականին ընդունված օրենքը, համաձայն որի ամուսնալուծվելուց հետո կես տարվա ընթացքում կանանց թույլ չի տրվում դարձյալ ամուսնանալ, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Հայցը 2011 թվականին ներկայացրել էր Օկայամա շրջանի 30-ամյա մի բնակչուհի։ Նա բողոքել էր, որ 2008 թվականին ամուսնալուծվելով իր հանդեպ բռնություն կիրառող ամուսնուց՝ մի քանի ամիս ստիպված է եղել սպասել մինչ նոր ամուսնությունը, ինչը բացասաբար է ազդել իր հոգեկան առողջության վրա։
Ճապոնուհին կառավարությունից 13.600 դոլար է պահանջել որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Նախորդ օրենքն ընդունվել էր խուսափելու համար հայրության ճանաչման հնարավոր վեճերից, եթե երեխան ծնվի ծնողների ամուսնալուծությունից հետո 6 ամսվա ընթացքում։
1898 թվականին ընդունված օրենքը չեղարկելու կողմնակիցները կարծում են, որ այժմ նման դեպքերը բացառված են, քանի որ նման հարց առաջանալու դեպքում հնարավոր կլինի ԴՆԹ թեստ անել՝ հայրությունը որոշելու համար։










