Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. Նելլի Դուրյան
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի խոսքով՝ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների, մուրացիկ, թափառաշրջությամբ զբաղվող անչափահասների թիվը շարունակաբար նվազում է:
«Ոստիկանությունն ունի լիարժեք, ամբողջական վիճակագրություն անչափահասների հանցագործությունների վերաբերյալ: Այս տարվա անցած 11 ամիսների ընթացքում անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ վեց դեպքով նվազել է»,- ասաց Նելլի Դուրյանը՝ հավելելով նաև, թե ոստիկանությունն ունի կանխարգելման ծրագիր իրավախախտ անչափահասների վերաբերյալ:
Հարցին, թե Արդարադատության նախարարության կողմից անչափահասների արդարադատության մատչելիության նորաստեղծ խորհուրդն ինչ արդյունք կարող է ունենալ, Նելլի Դուրյանն արձագանքեց. «Ժամանակից շուտ չասենք, թե ինչ կտա: Ամեն դեպքում այստեղ հավաքված են լինելու մարդիկ, ովքեր շահագրգռված են, ովքեր քիչ թե շատ աշխատանք են իրականացնում այս ոլորտում: Ամեն մեկն իր գիտելիքները, ներուժը կներդնի, որպեսզի առավել կատարելագործենք այս ոլորտը»:










