Արգենտինյան «Ռասինգ» ակումբը հայ երիտասարդների կոչով հրաժարվել է Turkish Airlines-ի հովանավորչությունից
Արգենտինյան «Ռասինգ» ֆուտբոլային ակումբը, որը բանակցում էր թուրքական Turkish Airlines ավիաընկերության հետ, հրաժարվել է հովանավորչական գործարքից։
Ինչպես տեղեկացնում է sport.ru կայքը, այս կապակցությամբ ակումբն իր էջում հրապարակել է Հարավային Ամերիկայի հայ երիտասարդների միության շնորհակալական նամակը։
«Ֆուտբոլում մարզաշապիկն ու ակումբի գույները պետք է անբիծ լինեն։ Աշխարհում ոչ մի երկրպագու չի ցանկանա, որ իր թիմին հովանավորի մի կառավարություն, որը խախտում է մարդու իրավունքները»,- հայտարարել է Հարավային Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի ղեկավար Ալֆոնսո Տաբակյանը։
«Արդեն մի քանի տարի է՝ Turkish Airlines-ը դարձել է թուրքական դիվանագիտության հիմնական տարածողն աշխարհում՝ հովանավորելով ճանաչված այնպիսի մարզիկների, ինչպիսիք են Կոբե Բրայանտը և Լիոնել Մեսսին: Նրանք ճանաչված և սիրված դեմքերի շնորհիվ ցուցադրել են իրենց ապրանքանիշը՝ թաքցնելով, թե իրականում ինչպիսին է Թուրքիան հիմա»,-հայտնել են Հարավային Ամերիկայի հայ երիտասարդների միությունից։
Նրանք հիշեցրել են Թուրքիայում քուրդ ժողովրդի դեմ իրականացվող վերջին ճնշումները, մարդու իրավունքների հայտնի պաշտպան Թահիր Էլչիի սպանությունը, ընդդիմադիր մամուլի ու քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները, հատկապես նրանց, ովքեր քննադատում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ովքեր չեն պաշտպանում Հայոց ցեղասպանության հարցում թուրքական կառավարության պաշտոնական տեսակետը, գրաքննում ու արգելափակում են Twitter-ը կամ այլ սոցցանցեր, աջակցում են «Իսլամական պետությանը» սիրիական հակամարտության ընթացքում։










