Արդյո՞ք ռուբլու արժեզրկման արդյունքում ՀՀ-ում կկրկնվի 2014-ի նոյեմբերը. սպասումները տարբեր են

21:35 • 16.12.15

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նախքան  դեկտեմբերի 17-ի ԱՄՆ Դաշնային պահուստի նիստը  դժվարանում է պատասխանել` ռուսական ռուբլու հերթական և արդեն` ռեկորդային  արժեզրկման արդյունքում Հայաստանում կկրկնվի նույն իրավիճակը, ինչ 2014-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

 

«Եվ եթե ԱՄՆ–ը հանկարծ որոշեց բարձրացնել տոկոսադրույքը, այդ ժամանակ կերևան կուրսային փոփոխությունները:  Դա կլինի ամսի 17-ին, երբ աշխարհը կցնցվի կամ  ոչ:  Իսկ հիմա այդ փոփոխությունները, հիմնականում, պայմանավորված են նավթի ցածր գներով; Բայց  այս պահի դրությամբ մարդիկ խաղարկում են սցենարը, այսինքն` փորձում են Ֆեդերալ ռեզերվից մի քայլ առաջ անել»,-նշեց տնտեսագետը։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի բանկը դեկտեմբերի 16-ին դոլարի փոխարժեքը սահմանել է 70.82 ռուբլի, ինչը , ըստ meduza.io-ի ` 1998 թվականից ի վեր պատմական առավելագույնն է ռուսական արժույթի համար: Սակայն Վիգեն Խաչատրյանը հերքում է ռուսական լրատվամիջոցին և նշում, որ ռեկորդը եղել է անցած տարի ձմռանը, երբ արտարժույթի կտրուկ տատանումների հետևանքով մեկ դոլարը 80 ռուբլի էր, իսկ մեկ եվրոն` 100 ռուբլի:
 

Որքանո՞վ է ԱՄՆ Դաշնային պահուստային ֆոնդի կողմից տոկոսադրույքի բարձրացումը հնարավոր: Վիլեն Խաչատրյանն, ի պատասխան, արձանագրեց, որ նման հայտարարություններ արվել են, բայցև` կան ռիսկային գործոններ: «Եթե բարձրացնեն, շատ ծանր իրավիճակ է ստեղծվելու, գումարած` յուանն է արդեն բավականին արժեզրկվում»,-հավելեց Վիլեն Խաչատրյանը:

 

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ավելի վատատեսական սպասումներ ունի: Tert.am –ի հետ զրույցում նա ասաց .«Ազդելը, բնականաբար, ազդելու է, որովհետև այդ ազդեցության չափին այս մեկ տարվա ընթացքում ականատես ենք եղել. տրանսֆերտների շուրջ կես միլիարդի չափ կրճատում, այսինքն` մենք մեր վրա այդ ազդեցությունն արդեն զգացել ենք և ստեղծվել է որոշ հավասարակշռություն: Եվ հիմա ռուսական ռուբլու նոր արժեզրկման հետ հնարավոր է տրանսֆերտների մասով նոր կրճատում, որի ազդեցությունն էլ այդ արտարժույթը կարող է իր վրա կրել»:

 


Միաժամանակ, Աշոտ Եղիազարյանի համար բարդ է ասել, թե այդ ազդեցության աստիճանն ինչպիսին կլինի, որովհետև Հայաստանում կան այլ` ՀՀ տնտեսության ու դրամի հավասարակշռության վրա ազդող գործոններ: Այդ իսկ պատճառով, Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ ազդեցություն կլինի, բայց այն կլինի ոչ համամասնական:

 

Ամեն դեպքում, կոնկրետ հարցին, թե այդ ամենը հաշվի առնելով` կարելի՞ է ակնկալել , որ դոլարի փոխարժեքը կհասնի 500 դրամի, նա դրական պատասխան տվեց` նշելով, որ արդեն իսկ մոտենում է այդ սահմանագծին:

 

Հիշեցնենք, որ այսօր մեկ դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքն էր 487.50 ՀՀ դրամ:

 

 

Արդյո՞ք ռուբլու արժեզրկման արդյունքում ՀՀ-ում կկրկնվի 2014-ի նոյեմբերը. սպասումները տարբեր են