Մեքսիկայի հյուսիսում ոստիկանությունը 150 տոննա մարիխուանա է ոչնչացրել
Մեքսիկայի դաշնային ոստիկանության աշխատակիցները երկրի հյուսիսում` Սոնորա նահանգում, հայտնաբերել և ոչնչացրել են մարիխուանայի 5 խոշոր պլանտացիաներ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Անվտանգության ազգային հանձնաժողովի տվյալներով` այրված բույսերի ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 150 տոննա: Հաջող գործողությունը դարձել է հետախուզության աջակցությամբ շրջանային և դաշնային իրավապահ մարմինների համատեղ ջանքերի արդյունքը:
Անօրինական դաշտերը գտնվել են Ալամոս համայնքում: Ամենամեծ դաշտի տարածքը կազմել է մոտ 7.000 քմ:
«Նախքան մոտ 151 տոննա մարիխուանայի ոչնչացմանն անցնելը դաշնային ուժերը դատախազության աշխատակիցներին են փոխանցել նմուշներ` հետաքննության համար»,- նշվում է հաղորդագրությունում:










