Ինչ տոնական անակնկալներ է պատրաստել ArmNews հեռուստաընկերությունը Ամանորին
«ԱրմՆյուզի» գլխավոր ամանորյա հանդեսը տեղի կունենա «Ուշ երեկոյան Արա Ղազարյանի հետ» շոուի տաղավարում, որտեղ մեծ տոնական սեղան է գցվել: Իսկ ուրախ ու անմիջական հանդիսավարի հյուրերը ոչ պակաս ուրախ ու անմիջական մարդիկ են` երիտասարդ հումորիստներ ու հաղորդավարներ, երաժիշտներ ու երգիչներ:
Տոնական եթերից հեռուստադիտողին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները կհղեն Քրիստինե Պեպելյանը, Մարտին Մկրտչյանը, Սիլվա Հակոբյանը, Ռաիսա Ավանեսյանը, բնականաբար` իրենց ուրախ կատարումներով հանդերձ: Կայտառ Կամո Սեյրանյանի դուդուկի հնչյունների ներքո պար կբռնեն տաղավարի երիտասարդ հյուրերը և նույնիսկ Արա Ղազարյանը:

Հանդիսատեսին լավ տրամադրություն կհաղորդեն նաև «Երեկոյան Երևանի» երիտասարդ հաղորդավարները: Երգ-երաժշտությունից զատ եթեր կհեռարձակվեն վերջիններիս պատրաստած հետաքրքրաշարժ ռեպորտաժները` հայ աստղերի ամանորյա հոնորարների մասին, կամ թե ինչպես և ինչքան են խմում հայերը Նոր տարուն:
Տոնական տրամադրությամբ եթեր կմտնի «Մտացրիվ» ծրագիրը, իսկ Ջեմմի Օլիվերի խոհարարական սերիալը կներկայացնի լավագույն տոնական բաղադրատոմսերը` ի գիտություն հայ տանտիկինների...
TV Մոլ










