Պասի շրջանից մինչև ճոխ սեղաններ. ինչպես է նշվել Նոր տարին նախկինում և այժմ
Ավանդաբար Նոր տարին նշվել է տարվա ընթացքում տարբեր ժամանակաշրջաններում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տոնացույց ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը՝ ներկայացնելով, թե ինչպես է նախկինում նշվել Նոր տարին:
«Ամենասկզբից Նոր տարին եղել է ծաղկունքի հետ կապված՝ Ծաղկազարդի տոնին, այնուհետև անցել է ամառային նավասարդյան շրջան, և 19-րդ դարի սկզբին տեղափոխվել է ձմռանը: Նոր տարին մինչև խորհրդային տարիները համարվել է պահքի շրջան, իսկ մեծ շուքով Սուրբ ծնունդն են նշել»,-ասաց նա:
Հասմիկ Բաղրամյանը նշեց, որ խորհրդային տարիներին է ձևավորվել այն ավանդույթը, թե որքան ճոխ լինեն սեղանները, այնքան լավ ու հարուստ կլինի տարին, սակայն նախկինում այդպես չեն կարծել:
«Ամենակարևորը, որը մենք կորցրել ենք, ավետիսների մշակույթն է, և մեր կազմակերպությունը 2008 թվականին վերականգնեց այն: Ավետիսները երգվել են Նոր տարուն, և մարդիկ հավատացել են, որ եթե տանը ավետիս է երգվում, նոր տարին ոչ թե ժամը 12-ին, այլ այդ երգեցեղության հետ է տուն մտնում»,-ասաց նա:
Նա նկատեց, որ տարիների ընթացքում միակ բանը, որ կտրուկ փոփոխություն է ենթարկվել, ճոխ սեղաններն են:
«Նոր տարին ինքն իրենով խորհուրդ է, մարդիկ հավատացել են, որ երկնքի դռները բացվում են և հրաշքներ են կատարվում»,-ասաց նա և նշեց, որ նախկինում տոնի հետ կապված կար նաև միստիկ, չերևացող, աներևույթ բարեգործության խորհուրդը, ինչը մինչ հիմա պահպանված է, երբ երեխաները թաքուն ստանում են նվերներ:
«Նախկինում մարդկանց տրամադրությունն ավելի բարձր էր, քանի որ խորհուրդը պահպանված էր, կար հստակ հավատալիք, ցնծություն, նույնիսկ ամենաաղաքատ ընտանիքներն ուրախանում էին, որովհետև այն իսկապես տոն էր»,-ասաց նա:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, խոսելով ուտեստների մասին, ասաց, որ առաջ ծիսական կերակրատեսակներն իրենց խորհուրդն ունեին, կերակրի միջոցով ինչ-որ սպասելիքներ, իղձեր, նպատակներ կային, իսկ այդ ամենը չի պահպանվել:
«Հայերն աշխարհի ամենահավասարակշռված սնվողներն են եղել նախկինում, բնությանը համահունչ այդպիսի ազգի չի եղել, ուտում էին և՛ հատիկավորներ, և՛ մսեղեն, և՛ բանջարեղեն: Իսկ հիմա ռաբիզությունը սողոսկել է ամեն տեղ մինչև մեր ոսկորները: Ռաբիզություն կա նաև խոհանոցի մեջ»,-ասաց նա:
Սեդրակ Մամուլյանն ասաց, որ նախկինում Ամանորին սեղանին դրվել են քաշիկա, տարեհաց, անուշապուրներ, ղափամա, տոլմա և այլ ազգային ավանդական կերակրատեսակներ:
«Ներկայումս ցուցամոլություն է, մրցավազք, որը լավ վիճակի չի բերում: Դրա համար մենք Ամանորը նախկինում նշել ենք սպասելիքներով, լավ տրամադրությամբ և ամբողջ տարին սպասել ենք, որ այդ առատությունը պետք է լինի, իսկ հիմա, պարտք ենք վերցնում և ամբողջ տարին պարտքի մեջ կորում ենք, և դա օրինաչափ է»,-ասաց նա:
Ի դեպ, Սեդրակ Մամուլյանը կիսակատակ հորդորեց կապիկի միս սեղանին չդնել, քանի որ այն ուտելի չէ:
«Տարին լինի կապիկի, թե կոկորդիլոսի, մի դրեք սեղանին, ամոթ է, ուտելու բան չի կապիկի միսը: Կենդանակերպը նշանակություն չունի Ամանորին, Ամանորը հարկավոր է լավ տրամադրությամբ դիմավորել, մի քիչ բարիանալ, ժպտալ և մարդկանց օգտակար լինել»,-ասաց նա:










