ԵՏՄ-ին անդամակցելով մենք մեծ ծառայություն ունեցանք. կարող ես նկարդ տանել այդ երկրներ այնպես, ինչպես, օրինակ՝ Վանաձոր. Կարեն Աղամյան
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը Tert.am-ի հետ զրույցում, խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի` մեկ տարի անդամակից լինելու մասին և պատասխանելով հարցին, թե արդյոք նկարիչներն առավելություններ զգացել են այդ մեկ տարվա ընթացքում, ասաց, թե ռուսական շուկան միշտ էլ բաց է եղել նկարիչների համար:
«ԵՏՄ-ին անդամակցելով մենք մեծ ծառայություն ունեցանք. մինչ այս, եթե որևէ նկար կամ արվեստի գործ էր տեղափոխվում Ռուսաստան, Ղազախստան կամ Բելառուս, պետք է անցներ մաքսային զննումներ, չարչարանք, վճարումներ և այլն: Հիմա շատ ավելի հեշտ է, կարող ես նկարդ վերցնել և գնալ այդ երկրներ այնպես, ինչպես, օրինակ, կարող ես գնալ Վանաձոր»,-ասաց Կարեն Աղամյանը՝շարունակելով. «Այս տարի նկարիչներն արդեն երկու անգամ օգտվել են այդ հնարավորություններից: Ապրիլ ամսին Մոսկվայում Նկարիչների կենտրոնական տանը մի փոքր ցուցահանդես ենք ունեցել, որը շատ ավելի դյուրին եղավ. և՛ այնտեղ մաքսային խնդիր չեղավ, և՛ այստեղ»:
Ինչ վերաբերում է 2016 թվականի պլաններին, Կարեն Աղամյանն ասաց, թե մոտ 50 ցուցահանդես է պլանավորվում: Կան տվյալներ ամիսների վերաբերյալ, որ ամեն մի տեղի վրա քանի դիմում է եղել նկարիչների կողմից: Սրահները չեն բավականացնում այն պահանջին, որ կա:
Խոսելով նկարիչների խնդիրների մասին` Միության նախագահն ասաց, թե նկարչի հիմնական խնդիրն արվեստ ստեղծելն է. «Դրանից հետո նա եկամուտ կունենա, թե` ոչ. դա արդեն երկրորդ հարցն է: Այսօր կենցաղային իրավիճակն այնպես է, որ եկամուտը դառնում է առաջնային: Բոլոր ժամանակներում արվեստագետը նկարել, ստեղծագործել է ոչ թե նրա համար, որ միայն ապրուստ ապահովվի, այլ, քանի որ նրան հետաքրքիր է արվեստի նոր գործ ստեղծելը, երկրորդականը եղել է եկամուտ ստեղծելը»:
Կարեն Աղամյանը նաև նշեց, թե հայերիս մոտ պակասում է նկար գնելու և նկար նվիրելու կուլտուրան:
«Կուզենայի, որ այդ մշակույթը մի քիչ ավելի շատ լիներ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենամեծ գնաճը եղել է արվեստի գործերում, և այն մարդիկ, ովքեր գումարներ են ներդրել արվեստի մեջ, տասնապատիկ ավելի գումարներ են ստացել, քան նրանք, ովքեր գումար են ներդրել շինարարության, զինամթերքի, ինչու ոչ նաև՝ թմրանյութերի մեջ: Սա փաստ է: Հայաստանում այդ մշակույթը դեռ չի ձևավորված: Ամենալավ նվերը նկարն է, չպետք է խաբվել արտաքին գեղեցկություններին, այլ պետք է ճիշտ հասկանալ արվեստը: Դրա համար էլ կա նկարիչների միությունը, որը զատում է լավը վատից»,-ընդգծեց պարոն Աղամյանը:










