Հնարավոր չէ ամեն տարի լավ վեպ գրել ու տպագրել. 2015թ.-ը հայ գրականության համար ընդմիջման տարի էր. Ա.Նիկողոսյան

11:08 • 04.01.16

Հրատարակչական առումով անցած 2015թ.-ը կրկին հոյակապ տարի էր: Tert-ի հետ զրույցում ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Վերջինս առանձնացրեց հատկապես թարգմանված գործերը: «Թարգմանական բազմաթիվ գրքեր լույս տեսան, որոնք առաջիկայում, վստահաբար, մեծ ազդեցություն են ունենալու մեր գրական ընթացքի վրա»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է բուն հայ գրականությանը, ապա գրականագետի խոսքով՝  վերջին տարիների ձեռքբերումների ֆոնի վրա, 2015թ.-ը կարելի է որոշակի ընդմիջման տարի կամ նախապատրաստական տարի համարել:

«Բնական է, հնարավոր չէ ամեն տարի, ասենք՝ լավ վեպ գրել ու տպագրել: Մյուս տարի մի քանի գրողների նոր վեպեր լույս կտեսնեն: Այնուամենայնիվ, 2015թ.-ի հատույթում անպայման ուզում եմ առանձնացնել Հուսիիկ Արայի «Տան դուռը» բանաստեղծությունների ժողովածուն, Գուրգեն Խանջյանի «Մատնագիր» էսսեն ու Գրիգի «Հիսուսի կատուն» ժողովածուն: Մյուս կողմից՝ նաև այսպես ասած՝ չսպասված լավ գրքեր եղան, հեղինակների, որ մինչ այդ այդքան էլ հանրածանոթ չէին. Մհեր Իսրայելյանի «Մինչև մեռնելն ապրել է պետք» վիպակը ինձ համար հայտնություն էր, օրինակ:
Շատ հետաքրքիր էր նաև Սուրեն Սարումյանի «Աբու-Բաքր ալ Բաղդադին՝ Շամի խալիֆը» վեպը»,- մասնավորեցրեց Նիկողոսյանը:

Տարին, ըստ նրա, հատկանշական էր նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գրքերի տպագրությամբ և գրքի միջազգային ցուցահանդեսներին այդ գրքերի ներկայացվածությամբ: «Այս տարի այդ մասնակցությունները շատ կարևոր էին նաև Ցեղասպանության 100-ամյակի առումով, ներկայացվում էին Եղեռնին նվիրված հրատարակություններ: Իսկ ընդհանուր առմամբ, օգտակար էին, իհարկե, թե՛ նոր համագործակցությունների, թե՛ հայ հեղինակներին դրսում ներկայացնելու առումով»,- ընդգծեց Արքմենիկ Նիկողոսյանը:

Գրականագետը կարևորեց նաև ընթերցանության տարածման գործում գրանցված առաջընթացը: «Կարծում եմ՝ այն փոքրիկ տեղաշարժը ընթերցանության ոլորտում, որ նկատվում էր վերջին տարիներին, այս տարի մի փոքր էլ առաջընթաց գրանցեց: Եվ դա բնական է, որովհետև շատ լավ գրքեր են այսօր տպագրվում Հայաստանում, և դա այսպես թե այնպես, նպաստելու է ընթերցանության զարգացմանը»,- ամփոփեց Նիկողոսյանը:

Հնարավոր չէ ամեն տարի լավ վեպ գրել ու տպագրել. 2015թ.-ը հայ գրականության համար ընդմիջման տարի էր. Ա.Նիկողոսյան