Քննարկել է Վերին Լարսում բեռների մաքսային ձևակերպման արագացման խնդիրը

17:51 • 08.01.16

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:


ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս առումով երկուստեք բարձր է գնահատվել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:


Զրուցակիցներն արձանագրել են հանձնաժողովի 16-րդ նիստի հանձնարարականների կատարման բարձր մակարդակը և պայմանավորվածություն ձեռք բերել՝ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2016 թ. հուլիսին Սանկտ Պետերբուրգում:


Առևտրատնտեսական կապերի սերտացման համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները: Ռուսական կողմը կարևորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել հնարավոր մասնակցության հարցը:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վերին Լարսի անցակետում բեռների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման գործընթացի արագացման խնդրին և քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները:


 

 

Քննարկել է Վերին Լարսում բեռների մաքսային ձևակերպման արագացման խնդիրը