Մալաթիա-Սեբաստիայում Ամանորի նախօրեին տեղի ունեցած ավազակային հարձակման կասկածյալը ձերբակալվել է

18:46 • 08.01.16

ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Կասկածյալը ձերբակալվել է։

 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

2016թ. հունվարի 7-ին Ա.Մկրտչյանից հաղորդում է ստացվել, որ 2015թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր տանը ենթարկվել է ավազակային հարձակման։

 

Ըստ կնոջ հաղորդման՝ իր ծանոթ Ա. Մուրադյանն ընկերոջ՝ ոմն Դավթի հետ, այցելել է իր բնակարան, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ոտքերը և բերանը, այնուհետև իրենց մոտ եղած խոհանոցային դանակով հարվածներ հասցրել ոտքերի ազդրերի հատվածում, դանակի սպառնալիքով նրանից պահանջել գումար և ոսկեղեն: Ոմն Դավիթը հայտնաբերել է Ա. Մկրտչյանի դրամապանակը, ինչը հափշտակել են և հեռացել:

 

Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

 

Ա. Մկրտչյանը ճանաչվել է տուժող:

 

2016թ. հունվարի 8-ին Ա.Մուրադյանը, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, ձերբակալվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ոմն Դավթի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:



 

 

Մալաթիա-Սեբաստիայում Ամանորի նախօրեին տեղի ունեցած ավազակային հարձակման կասկածյալը ձերբակալվել է