Ենթակառուցվածքների կատարելագործման խնդիր կա. Ռոբերտ Մինասյանը՝ ձմեռային տուրիզմի մասին

23:25 • 09.01.16

Ձմեռային տուրիզմն իր գրավչությունն ունի, և ծրագրեր են մշակվում, որ Ծաղկաձորն ու Ջերմուկը շուրջտարյա հանգստյան գոտիներ դառնան: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը՝ հավելելով, որ  Ծաղկաձորում մեծ ներդրումներ են կատարվել:
 

«Այդուհանդերձ, պետք է ժամանցի խնդիրը լուծել, անիմացիոն ծրագրեր պետք է լինեն, որ մարդիկ ազատ ժամերին կարողանան իրենց զբաղվածության խնդիրը լուծել: Դա շատ կարևոր հարց է: Ոչ միայն մեծահասակների, երեխաների համար ևս պետք է ժամանցի խնդիր լուծել: Ենթակառուցվածքների կատարելագործման խնդիր կա»,-ասաց Ռոբերտ Մինասյանը՝ նշելով նաև, որ հյուրանոցներում կադրային խնդիր ևս կա:

«Այդ երկու խնդիրներն այսօր շատ կարևոր են ծառայությունների որակը բարձրացնելու համար»,-նկատեց նա:

Խոսելով ժամանցի խնդրի մասին՝ Ռոբերտ Մինասյանը որպես օրինակ նշեց հետևյալը. «Ենթադրենք, մի ընտանիք գնացել է հանգստանալու, երեկոյան ուզում են գնալ մի բար, այդ դեպքում երեխային ի՞նչ պետք է անեն: Անհրաժեշտ է, որ անիմացիոն ծրագրեր լինեն, հատուկ ծառայություններ լինեն՝ բժշկով, դաստիարակով, որ երեխային ծնողները հանձնեն, իրենք էլ հանգիստ իրենց ժամանցն անցկացնեն: Կարող ենք նաև մեկ այլ իրավիճակ ենթադրել, երբ նույնիսկ առանց երեխայի են հանգստանում: Ձմռան ամիսների ընթացքում իրենց հանգիստը կազմակերպողները ցանկանում են դահուկ քշել, և եղանակային վատ պայմանների դեպքում ի՞նչ է մնում նրանց անել»:

Ռոբերտ Մինասյանը միաժամանակ նշեց, թե քանի որ Ծաղկաձորը փոքր է, և հնարավոր չէ, որ ամեն մի փոքր հյուրանոցն այսպիսի ժամանցային վայր ունենա, կարելի է մտածել, ստեղծել միասնական, նույնիսկ՝ վճարովի հիմունքներով:

 

Ենթակառուցվածքների կատարելագործման խնդիր կա. Ռոբերտ Մինասյանը՝ ձմեռային տուրիզմի մասին