Թուրքիայում Դերսիմի հայերի մասին գիրք է լույս տեսել

11:24 • 13.01.16

Թուրքիայում լույս է տեսել «Քահանայի թոռները. Դերսիմի հայերը- 1» գիրքը: Գրքի հեղինակ Քյազըմ Գյունդողանը փորձում է գտնել թե՛ 1895 թվականի կոտորածների, թե՛ 1915-ի Հայոց ցեղասպանության ընթացքում իրենց ունեցվածքը, լեզուն, կրոնն ու մշակույթը կորցրած, իրենց հողերից արտաքսված հայերի պատմությունը, գրում է Bolsohays.com-կայքը:

 

Դերսիմի հայերի մի մասը գուցե փրկվում է, սակայն իր ունեցվածքը, հավատքն ու սոցիալական կարգավիճակն է կորցնում։ Ջարդերից փրկված հայերը Դերսիմի տարբեր աշիրայությունների մոտ գոյության պայքար են մղում:

 

Այս գիրքը ներկայացնում է 1937-1938 թվականներին Դերսիմի ջարդերից փրկված Վանք և Զիմեք գյուղերի քրիստոնյա հայերի պատմությունները:

 

1915 թվականի ջարդերից հետո Դերսիմում իրենց գոյությունը շարունակած հայերի պաշտամունքի միակ վայրը՝ Հալվորի Սուրբ Կարապետ վանքը, ռմբակոծվում է այդ ժամանակ:

 

Աշխատության հեղինակը հանդիպել, լսել ու գրի է առել փրկվածների պատմությունները, որոնք պատմել են ջարդերից առաջ իրենց կյանքի, ջարդերի, աքսորի, բռնի թուրքացման, իսլամացման ու ալևիացման մասին իրենց հիշողությունները:

 

Դերսիմն Օսմանյան պետության համար խնդրահարույց էր: Հանրապետության ստեղծումից հետո էլ  պետությունն այն շարունակում էր խնդիր համարել:

Թուրքիայում Դերսիմի հայերի մասին գիրք է լույս տեսել