Մատենադարան տանող ճանապարհը ձևավորվել է «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆով

17:37 • 15.01.16


ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Մատենադարան տանող ճանապարհի հարևանությամբ բացվել է «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծը. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
 

«Երևան Փրոդաքշնս»  ընկերության imyerevan.com կայքի նախաձեռնությամբ իրականացված այս ծրագրով Մաշտոցի պողոտայի 51 հասցեից մինչև Սարմենի փողոց տանող հատվածում գտնվող երբեմնի անշուք պատի խորշերը «քողարկվել» են մեսրոպյան այբուբենի երկաթաձույլ տառերով: Մեսրոպատառ գրերը չժանգոտվող մետաղից են, իսկ հայկական զարդանախշերը` արույրից: «Հայոց գրերի երթ» նախագծի էսքիզների հեղինակ, նկարիչ-դիզայներ, կալիգրաֆիայի մասնագետ Վահան Բալասանյանը նշել է, որ աշխատանքը ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձվել տեղանքի ճարտարապետության ու գունային համադրությանը:
 

«Երևանի քաղաքապետարանը կարևորում է տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցությունը և ողջունում  է նմանօրինակ նախաձեռնությունները: Մայրաքաղաքն առավել բարեկարգ ու գրավիչ դարձնելուն ուղղված այս նախագիծը «Մի պատի պատմություն» հայեցակարգի մաս է կազմում, որը ենթադրում է պատը դարձնել արվեստի հարթակ` ինտերակտիվ ցուցասրահ քաղաքացիների և զբոսաշրջիկների համար»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը` ընդգծելով նաև, որ հետագայում ևս քաղաքապետարանը շարունակելու է իր աջակցությունը նմանատիպ նախագծերին:

 

Երեկոյան ժամերին պատն ամբողջությամբ լուսավորվելու է: Պատին տեղադրվել են նաև տեսահսկող սարքեր: Տարածքում գործում է անվճար wifi, ինչը հնարավորություն է տալիս QR կոդերի միջոցով ստանալ լրացուցիչ տեղեկատվություն:  Ի դեպ, վեց ամիսը մեկ կներկայացվի նոր արտ-ինստալացիա, իսկ հին ցուցադրությունը կտեղափոխվի և կցուցադրվի Հայաստանի այլ քաղաքներում:
 

«Երևանը զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների համար ավելի գրավիչ դարձնելու փնտրտուքները մեզ բերեցին այստեղ: Անմիջապես միտք հղացավ դրան նոր շունչ հաղորդել: Վերջին տարիներին տարբեր վայրերում ստեղծվել են այբուբենին նվիրված հրաշալի հուշարձաններ և մեր առջև խնդիր դրեցինք ստեղծել մայրաքաղաքին հարիր, գեղեցիկ ու հաճելիորեն տարբերվող տառատեսակներ»,-իր հերթին նկատել է «Երևան Փրոդաքշնս»  ընկերության imyerevan.com կայքի տնօրեն Գայանե Մանուկյանը:
 

Միջոցառումը շարունակվել է Կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված շնորհանդեսով:
 

«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի բոլոր աջակիցներին տրվել են հատուկ շնորհակալագրեր:

Տեղեկացնենք նաև, որ ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը պարգևատրվեց շնորհակալագրով։

 

Մատենադարան տանող ճանապարհը ձևավորվել է «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆով