Դիմա Բիլանը ելույթ կունենա Երևանում
Երգիչ Դիմա Բիլանը Հայաստանում կմասնակցի «Սառույցի թագավորները» շոուին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել է միջոցառման կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը:
«Մարտի 5-ին Երևանի Մարզահամերգային համալիրում կկայանա «Սառույցի թագավորները» սառցե շոուն: Դիմա Բիլանի առաջին համերգը «Ֆորպոստարտ պրոդաքշընը» կազմակերպել էր 9 տարի առաջ: Այս շոուի մի բաժնում Դիմա Բիլանը ելույթ կունենա նոր ծրագրով»,-նշեց նա:
«Սառույցի թագավորները» աննախադեպ շոու է՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագիծը միավորել է տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պրոֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են մարզիկների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը: Ներկաները ականատես կլինեն համաշխարհային սառցե շոուների պրոդյուսեր Արի Զաքարյանի կողմից հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծված ներկայացմանը:
Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլք:
«Երեք ժամ անընդմեջ ներկաները ականատես կլինեն ոչ միայն պրոֆեսիոնալների հիասքանչ կատարումներին, այլև գեղասահորդ-ակրոբատների ֆանտաստիկ համարներին: Սառույցի վրա կատարած նրանց հնարքները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում»,-նշել է Զառա Մխեյանը:
Նախագծի հատուկ հյուրն է երգիչ Հայկոն, ով 2007 թվականին ներկայացրեց Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում՝ իր հեղինակած Anytime you need երգով:










