Դենիել Ռեդքլիֆի հուզիչ նամակն Ալան Ռիքմանին (լուսանկար)
Թատրոնի և կինոյի դերասան, հազվագյուտ ձայնի տեմբրով և խորհրդավոր ժպիտով հայտնի չարագործ Ալան Ռիքմանն իր տաղանդով առաջացնում էր գործընկերների և հանդիսատեսի հիացմունքը, գրում է Adme.ru-ն։
Դերասանը կյանքից հեռացել է 2016 թվականի հունվարի 14-ին, ինչն անսպասելի հարված էր իր ընկերների և գործընկերների համար։
Դենիել Ռեդքլիֆը, ով ծանոթացել է Ալան Ռիքմանի հետ «Հարի Փոթերի» նկարահանումների ժամանակ, ողբերգությունից հետո Google +-ի իր էջում նամակ է գրել՝ իր ընկերոջն ուղղված խոր երախտագիտությամբ լի։
«Ալան Ռիքմանը, անկասկած, մեծագույն դերասաններից մեկն է, ում հետ ես երբևէ աշխատել եմ: Նա նաև ամենանվիրված և հոգատար մարդկանցից է, ում ես հանդիպել եմ կինոոլորտում: Ալանը միշտ ինձ աջակցում էր, երբ մենք միասին աշխատում էինք նույն հարթակում և անգամ Հարի Փոթերի մասին վերջին ֆիլմից տարիներ անց: Ես նաև գրեթե համոզված եմ, որ նա նայել է իմ բոլոր ներկայացումները Լոնդոնում և Նյու Յորքում: Չնայած Ալանը բոլորովին պարտավոր չէր դա անել»,- գրում է Ռեդքլիֆը:
«Մարդիկ դերասանների մասին իրենց պատկերացումները կազմում են՝ հիմնվելով դերերի վրա: Եվ երևի շատերին կարող է զարմացնել, որ չնայած կերպարների մեծ մասը, որոնք խաղում էր Ալանը, բավական մռայլ էին (կամ վախենալու), նա շատ բարի, մեծահոգի, ինքնաքննադատական և ուրախ մարդ էր»,- հավելում է Ռեդքլիֆը:
Դերասանը խոստովանում է, որ «Հարի Փոթերի» նկարահանումների ժամանակ Ռիքմանը միակ մեծահասակ դերասանն էր, ով իրեն վերաբերում էր հավասարը հավասարի, այլ ոչ որպես երեխայի: «Նրա հետ այդ վաղ հասակում աշխատելու հնարավորությունը մեծ բախտ էր ինձ համար, և ես միշտ կհիշեմ նրա բոլոր դասերը, որոնք նա տվել է ինձ: Կինոոլորտը և թատրոնի բեմը զգալիորեն աղքատացել են այդ մեծ դերասանի և մարդու կորստից հետո»,- գրել է Դենիելը և կիսվել իր սիրելի լուսանկարով:











