ԵԽԽՎ-ն մոռացել է իր գործիքները

15:54 • 25.01.16

 

ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումը կրող բանաձևի նախագծի միջոցով Ղարաբաղյան հակամարտության խնդրի տեղափոխումը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի հարթակ` այն էլ նման ապակառուցողական մեթոդներով, սպառնում է ավելի ապակայունացնել իրավիճակը ողջ Հարավային Կովկասում: Այս վտանգը պետք է հստակ գիտակցեն նաև ԵԽԽՎ-ում:


Չէ՞ որ 2001 թվականին Եվրոպայի խորհրդին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության ժամանակ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն իր թիվ 221 (2000) և 222 (2000) Եզրակացություններում մատնանշում էր, որ «Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը կարող է օգնել վստահության մթնոլորտ հաստատել, որն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար»: ԵԽԽՎ-ն նաև ընդգծում էր, որ «Խորհրդարանական վեհաժողովը ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է ամենաբարենպաստ շրջանակը հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների համար»:


Հետևաբար, ԵԽԽՎ-ի հիմնական գործառույթը նման իրավիճակում պետք է լինի կողմերի միջև վստահության միջոցների կառուցմանն աջակցելը: Իսկ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած բանաձևի նախագիծը հակասում է ԵԽԽՎ հռչակած սկզբունքներին և կարող է ավելի վատթարացնել իրավիճակը՝ խափանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա), 2015 թվականի նոյեմբերին տարածած իրենց հայտարարության մեջ անդրադառնալով հակամարտությունը կարգավորելու համար նոր բանակցային ձևաչափերի և աշխատանքային խմբերի ստեղծման առաջարկներին, ընդգծեցին, որ «հաշվի առնելով բանակցությունների զգայունությունը՝ ձևաչափը փոխելու փորձերը կամ զուգահեռ մեխանիզմների ստեղծումը կարող են խախտել բանակցային գործընթացը և խոչընդոտել կարգավորման առաջընթացը»: Բացի այդ՝ Մինսկի խումբը միջնորդական առաքելության բացառիկ փորձ ունի, խնդրով զբաղվում է պրոֆեսիոնալ հարթակում, իսկ ԵԽԽՎ-ում Ուոլթերի կողմնակալ բանաձևի նախագծի մակարդակով Ղարաբաղյան հակամարտության քննարկումը խափանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:


Հայաստանը մշտապես հանդես է եկել խնդիրների հաղթահարման համար հարավկովկասյան հանրապետությունների միջև սերտ համագործակցության հաստատման օգտին՝ փորձելով նաև ԵԽԽՎ-ի ռեսուրսներն օգտագործել այս նպատակի իրականացման համար: Մասնավորապես, դեռևս 1999 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը հանդես եկավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո Հարավկովկասյան հանրապետությունների խորհրդարանական համագործակցության հաստատման մասին նախաձեռնությամբ: 1999 թվականի մարտի 15-ին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները (Խոսրով Հարությունյան, Մուրթազ Ալեսքերով, Զուրաբ Ժվանիա) Ստրասբուրգում համատեղ հռչակագիր  ընդունեցին՝ հայտարարելով խորհրդարանական մակարդակում երկխոսության հաստատման մասին: Հարավկովկասյան հանրապետությունները լիահույս էին, որ ԵԽԽՎ-ի հովանու ներքո ստեղծվող այս ձևաչափը պետք է օգնի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը և վստահության մթնոլորտի ստեղծմանը: Ակնկալվում էր, որ ԵԽԽՎ-ն պետք է իր նպաստն ունենա ոչ վիճահարույց ոլորտներում տարածաշրջանային երկրների միջև համագործակցության հաստատմանը ոչ միայն բարձր մակարդակում, այլ նաև հասարակ քաղաքացիների շրջանում: Անդամակցելով ԵԽ-ին՝ հարավկովկասյան հանրապետությունները ցանկանում էին տեսնել նրա աջակցությունը ատելության մթնոլորտի վերացման և երկարատև խաղաղության կառուցման գործում: ԵԽԽՎ բազմաթիվ զեկուցողներ ևս տարբեր տարիներին հանդես են եկել Հարավային Կովկասում Կայունության Պակտ (Stability Pact for the South Caucasus) ստեղծելու առաջարկությամբ` հստակ գիտակցելով, որ ԵԽԽՎ-ի գործառույթը պետք է լինի տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը, այլ ոչ թե քաղաքական կողմնակալ զեկույցների քննարկումը:

 

Կարեն Մարտիրոսյան


 

 

ԵԽԽՎ-ն մոռացել է իր գործիքները