Արվեստագետները պնդում են, որ հայտնաբերել են Հիերոնիմոս Բոսխի` նախկինում անհայտ կտավը
Արվեստագետները, հավանաբար, հայտնաբերել են Հյուսիսային Վերածննդի ժամանակաշրջանի (Իտալիայից հյուսիս ընկած երկրների արվեստի վերելքն ընդունված է անվանել Հյուսիսային Վերածնունդ) նիդեռլանդցի վարպետ Հիերոնիմոս Բոսխի` նախկինում անհայտ կտավը, գրում է РИА Новости-ն։
Նկարը 1930-ականներից գտնվել է Նելսոն- Աթկինսի գեղարվեստական թանգարանում` ամերիկյան Կանզաս Սիթի քաղաքում, և, ինչպես ենթադրում էին, պատկանել է Բոսխի աշակերտներից մեկի վրձնին:
Մի խումբ միջազգային փորձագետներ 5 տարվա ընթացքում ուսումնասիրել են աշխատանքը` օգտագործելով ինֆրակարմիր տեխնոլոգիաներ, և եկել են այն եզրահանգման, որ նկարի հեղինակն անձամբ Բոսխն է:
«Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» վերնագրված կտավում պատկերված է` ինչպես է սուրբը ջուր լցնում կուժը` հենվելով փայտի վրա:
Կտավը, որը ստեղծվել է, հավանաբար, 1500- 1510թթ. ընթացքում, լրացնում է վարպետի` արդեն գոյություն ունեցող փոքր հավաքածուն, նշել են գիտնականները:
Կտավը ներկայացվել է երկուշաբթի Noordbrabants թանգարանում` Բոսխի հայրենի Հերթոգենբոս քաղաքում: Հատկանշական է, որ կտավը հայտնաբերվել է նկարչի մահվան 500-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվելիք ցուցադրության նախաշեմին։











