«100-ն անց» լուսանկարչական ցուցահանդեսը պատմեց վերապրածների, տրոհված ընտանիքների ու մշակույթի մասին

16:32 • 02.02.16

Երևան քաղաքի պատմության թանգարանում Սփյուռքի նախարարության աջակցությամբ բացվեց «100-ն անց» լուսանկարչական ցուցահանդեսը, որի հեղինակն է վավերագիր, լուսանկարիչ Իննա Մխիթարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն էլ վերապրածի թոռ է և մեկ տարվա աշխատանքի միջոցով փորձել է ցույց տալ այն ամենը, ինչ պահպանվել է Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց:


«Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մտորումներս շատացան ու ծնվեց նման ցուցահանդեսի գաղափարը: Ներկայացված 30 լուսանկարների միջոցով փորձել եմ ցույց տալ վերապրածների, տրոհված ընտանիքների: Բայց նաև փորձել եմ անդրադառնալ մշակույթին, քանի որ Ցեղասպանության մասին խոսելիս մենք առավել հաճախ անդրադառնում ենք վերապրածներին, այնինչ նաև մշակույթը կարևոր նշանակություն ունի»,- ասաց նա:


Ցուցահանդեսին ներկա էին նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, մի շարք արվեստագետներ ու քաղաքացիներ: Ինչպես հավաքվածների առջև խոսելիս ասաց Հրանուշ Հակոբյանը՝ 2016թ-ը իր տարերքի մեջ է, ու ողջ հայությունը ապրիլի 24-ին նշելու է Ցեղասպանության 101-րդ տարելիցը:

 

«Չեմ կարծում, որ այսուհետ հայությունը առավել համախմբված չպետք է նշի մեզ համար կարևորագույն տարելիցը: Այդ պատճառով նախարարությունը մասնակցեց այս ցուցահանդեսի ստեղծմանը ու քաղաքապետարանը բացեց իր դռները, որպեսզի ներկայացնենք մի շարք ճակատագրեր, մեր վերածնունդը, ապրելու, պայքարելու տենչն ու պահանջը: Նկարներում կարող եք զմայլվել Մանսուրյան զույգով՝ Տիգրան և Արաքս: Նրանց կերպարով տեսնում ենք, թե ինչպես հայրենադարձվածները հայրենիքում արմատ գցեցին ու հայկական մշակույթը զարգացրին: Նույնը կարող եմ ասել Վարդուհի Վարդերեսյանի մասին, նա վերադարձավ ու դարձավ հայ բեմի թագուհին»,- ասաց նա:


Նախարարը Իննա Մխիթարյանին հանձնեց «Շնորհակալագիր» Սփյուռքի նախարարության անունից:


Ցուցահանդեսին ներկա էր նաև լուսանկարներից մեկի հերոս՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով նախ կարևորեց անցյալի բեկորների հավաքագրումը և դրանք մեր հիշողություններում կենդանի պահելու անհրաժեշտությունը:


«Եթե մենք հիշողությունն ենք կորցնում, դա ամենամեծ կորուստն է, այ էսքան կորուստներից հետո: Մեր հիշողությունն է, որ պետք է սատար կանգնի այն կորցրածի հետ ապրելու ու նաև դրանք ժամանակի հետ ապրեցնելու համար: Ես պետք է մի փոքրիկ դրվագով ցույց տամ, թե ինչ է նշանակում հիշողության կորուստ: Երբ հայ մարդը Արևմտյան Հայաստանից գաղթելով Եվրոպա մոռանում է մածուն բառը ու անունը դնում է «յողուրտ», այսօր ամբողջ աշխարհը մածունը ճանաչում է հենց այդ բառով: Ամեն մի նշխարքի պահպանումը շատ կարևոր է՝ լինի նկար, երաժշտություն, թե մեկ բառ»,- ասաց նա:

 

«100-ն անց» լուսանկարչական ցուցահանդեսը պատմեց վերապրածների, տրոհված ընտանիքների ու մշակույթի մասին