Թեժ լեռան հովտում անցկացվել է «Լոռվա Ձմեռ» 46-րդ ավանդական մարզատոնահանդեսի տոնակատարությունը (լուսանկարներ)

14:12 • 07.02.16

Լոռու մարզում՝ Թեժ լեռան հովտում, այսօր անցկացվեց «Լոռվա Ձմեռ - 2016» 46-րդ ավանդական մարզատոնահանդեսի տոնակատարությունը:

Tert.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի սպորտի և ֆիզկուլտուրայի գլխավոր մասնագետ Սամվել Սաֆարյանը նշեց, որ այս տարի նոր խաղեր ու մրցություններ են մտցրել ծրագրերում տարբեր մարզաձևերից՝  դահուկավազք, լեռնադահուկ, վետերանների դահուկավազք, պարանի ձգում, վոլեյբոլ ձյան վրա, պարկերով էստաֆետա, կշռաքարերի հրում, ձնեմարդի պատրաստում, ձնագնդի նետում ճիշտ նշակետին, Բազկամարտ բարձունքի հաղթահարում, սահնակով վայրէջք, մինի ֆուտբոլ ձյան վրա, բարձակռիվ, շախմատ, բռնցքամարտ, ազգային կոխ, սուսերամարտ:

«Միջոցառմանը ներգրված են քաղաքի մարզական կազմակերպությունները՝ մարզական դպրոցներ, ակումբներ, որոնք միայն թվաքանակով կազմում են 5000 մարդ, բացի այդ՝ նաև ազգաբնակչությունը»,-ասաց նա:  

Հաղթողները պարգևատրվեցին քաղաքապետարանի պատվոգրերով և մրցանակներով: Խաղարկվեցին նաև հատուկ մրցանակներ:

Մարզատոնահանդեսին մասնակցում էին գեղարվեստական համույթներ, անհատ կատարողներ, պարային համույթներ:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշեց, որ արդեն 46 տարի է՝ անց է կացվում միջոցառումը, որը լայն մասսայականություն է վայելում: «Տոնի նշանակությունը կարելի է  հասկանալ մասնակցությունից, նայեք ժողովրդի տրամադրությանը,  նրանց դեմքի ժպիտներին: Մարդիկ գալիս են երեխաների հետ, ուրախանում,  իրենց օրն անցկացնում»,-ասաց նա:

Քաղաքապետը նշեց, որ նաև այլ մարզերից են հյուրեր ունենում: «Բոլորին իրազեկում ենք, տեղեկացնում են, համայնքեր կան, որ գալիս են, կամ, որ չեն գալիս»,-եզրափակեց Սամվել Սաֆարյանը:

 

Թեժ լեռան հովտում անցկացվել է «Լոռվա Ձմեռ» 46-րդ ավանդական մարզատոնահանդեսի տոնակատարությունը (լուսանկարներ)