Ֆրանսաբնակ 21-ամյա Ջուլիա Սեֆեջյանը դարձել է Միշելինի աստղի արժանացած ամենաերիտասարդ գլխավոր խոհարարը
21-ամյա Ջուլիա Սեֆեջյանը դարձել է ամենաերիտասարդ գլխավոր խոհարարը Ֆրանսիայում, ով Միշելինի աստղի է արժանացել:
Ինչպես տեղեկացնում է ira-news.com ռեսուրսը` հայուհի Ջուլիա Սեֆեջյանը ծնվել է Ֆրանսիայի Նիս քաղաքում և որպես խոհարարուհի աշխատում է փարիզյան Fables de la Fontaine ռեստորանում:
Փետրվարի սկզբին Միշելինի հանձնաժողովը վերահաստատել է հաստատության աստղը, ինչը ռեստորանի շեֆ խոհարարի վարպետության փաստացի գնահատականն է:
Ջուլիան ընդամենը մի քանի ամիս է, ինչ աշխատում է այդ ռեստորանում և արդեն հասցրել է փոխել ավանդական մոտեցումը ֆրանսիական խոհանոցի նկատմամբ, որը բնութագրվում է «թանկ և քիչ» բառերով: Փոխարենը Ջուլիան միջին գներով ու մեծ բաժիններով ուտեստներ է առաջարկում, որոնց մեծ մասը սեփական բաղադրատոմսով է պատրաստում:
«Ես շատ ուրախացա` իմանալով այդ մասին: Ռեստորանի տերը ծաղկեփնջով մոտեցավ ինձ ու հայտնեց, որ ես Ֆրանսիայի ամենաերիտասարդ գլխավոր խոհարարն եմ դարձել, ով նման աստղ ունի: Բայց մեր ոլորտում պետք է շատ աշխատես, իսկ տարիքը կարևոր չէ, այս մասնագիտությունը քեզ ավելի հասուն ու հաջողակ է դարձնում»,- պատմել է Ջուլիան:










