Պետք չէ գովել Տերյանին, ուղղակի պետք է կարդալ. փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է
Վահան Տերյանը լեգենդ է իր մանկությամբ, իր պատանեկությամբ, իր երիտասարդությամբ, իր գործունեությամբ և պոեզիայով: Տերյանը լեգենդ դարձավ իր վախճանով: Մեծ գրող Վահան Տերյանի ծննդյան 131 ամյակի նախօրեին լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը:
«Տերյանը հայ գրականությունը, պոեզիան բարձրացրեց նոր աստիճանի վրա: Նա անընդհատ մեզ հետ է, նա յուրաքանչյուր հայ պատանու հետ է»,- ասաց Առուշան Հակոբյանը:
Վերջինս նշեց, որ Տերյանը մուտք գործեց հայ գրական ասպարեզ այն ժամանակ, երբ արդեն կային մեծ վարպետներ. «Նա 22 տարեկան էր, երբ մուտք գործեց հայ գրականության ասպարեզ, բերեց իր խոսքը, ոճը, պոեզիան, ինքն իր տեղը բացեց, Տերյանն այդ ժամանակն էլ դարձրեց իրենը»:
Ասուլիսի մյուս մասնակից՝ Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը նշեց, որ իրենց ցանկությունն է դպրոցում հենց առաջին դասարանից երեխաների շուրթերից լսել տերյանական բանաստեղծություններ, որը սովորեցնում է սիրել, սովորեցնում է հայրենասիրություն:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ ասաց, որ պետք չէ գովել Տերյանին, ուղղակի պետք է կարդալ:
«Պետք է Վահան Տերյանի մասին ֆիլմ նկարահանել, քանի որ նա ոչ միայն մեծ պոետ էր, այլ նաև պետական գործիչ: Պատահական չէր, որ Տերյանին աքսորեցին Սիբիր»,- ասաց Մերուժան տեր-Գուլանյանը՝ շարունակելով, թե վատ է, որ հայկական դրամի վրա Վահան Տերյանի պատկերը չկա:










