Նյու Յորքի նախկին քաղաքապետը քննադատել է Բեյոնսեին` ոստիկանության վրա «հարձակվելու» համար
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին քննադատել է երգչուհի Բեյոնսեին ոստիկանության վրա «հարձակվելու» համար, գրում է Billboard-ը։
Խոսքը «Սուպերբոուլ» մարզական իրադարձության շրջանակում երգչուհու ելույթի մասին է, որտեղ Բեյոնսեն բեմ է բարձրացել Coldplay-ի և Բրունո Մարսի հետ:
Ինչպես նշում է պարբերականը` Բեյոնսեի ելույթը հիացրել է շատ երկրպագուների, սակայն միևնույն ժամանակ քննադատության է ենթարկվել հասարակության որոշ ներկայացուցիչների կողմից, ովքեր նրա շոուում նկատել են «սև հովազներին» (աֆրոամերիկյան ձախակողմյան կազմակերպություն) ուղղված ակնարկ:
«Դա ֆուտբոլ է, այլ ոչ թե Հոլիվուդ, և ես իսկապես բարկացնող եմ համարում այն, որ նա օգտագործել է դա որպես ոստիկանության սպաների վրա հարձակման հարթակ»,- ասել է Ջուլիանին:
Նրա խոսքով՝ ոստիկանները «մարդիկ են, ովքեր պաշտպանում են նրան և մեզ, ովքեր պահպանում են մեր կյանքը»:
Նախկին քաղաքապետը նշել է, որ բոլորը պետք է հարգեն ոստիկանության սպաներին:
Հաղորդվում է, որ Բեյոնսեի երգը ոստիկանությանն ուղղված մեղադրանք է պարունակում՝ աֆրոամերիկացիների սպանության համար։










