1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու նախաձեռնությունը շանտաժ է. Դ. Շահնազարյան

17:50 • 09.02.16

Tert.am-ի հետ զրույցում ընդդիմադիր քաղաքական գործիչ, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը շատ քիչ հավանական համարեց, որ ՌԴ նախագահ Պուտինը որոշի չեղարկել 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը: Նրա գնահատմամբ, Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի բոլոր ռազմակայաններում պատրաստականության ստուգումներ անցկացնելով և այդ պայմանագրից դուրս գալու նախաձեռնությամբ, ՌԴ-ն փորձում է Անկարայի հետ խոսել շանտաժի ու քարոզչության լեզվով, նաև այն պատճառով, որ Պուտինը պատրաստ չէ հանդիպել Էրդողանի հետ:


-Պարոն Շահնազարյան, երեկ ՌԴ-ից Հայաստանին վերաբերող երկու լուր ստացվեց : Նախ՝ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորները նամակով դիմել են Վլադիմիր Պուտինին` կոչ անելով չեղյալ համարել 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը, մյուսը, որ ՌԴ նախագահի կարգադրությամբ` ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում: Եթե ՌԴ-ն դո՞ւրս գա պայմանագրից, ապա Հայաստանը գերտերությունների շահերի բախման ի՞նչ թնջուկում կարող է հայտնվել:


-Կասեի`ոչ թե երկու, այլ երեք նորություն: Առաջինը, որ Էրդողանը ցանկանում է հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ և մերժում է ստանում Կրեմլի կողմից: Այնուհետև Ձեր մատնանշած` ՌԴ պետդումայի կոմունիստ պատգամավորների նամակն էր ՌԴ նախագահին և արտգործնախարարին, որով կոչ են անում չեղարկել (դենոնսացիա) 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը: Հիշեցնեմ, որ այդ պայմանագրով` մասնավորապես Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, Արարատ լեռը: Հետաքրքրական է, որ կոմունիստներն են սա նախաձեռնում, որոնք այդ նույն պայմանագրի ջատագովն ու իրականացնողն են եղել: Իհարկե, սրանից հետո Ռուսաստանի քաղաքական էլիտայում մեծ աշխուժություն սկսվեց, մասնավորապես, «Արդար Ռուսաստանը» սկսեց պաշտպանել այդ նախաձեռնությունը: Եվ, միաժամանակ, երեկ ՌԴ Հարավային օկրուգում, այդ թվում` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում ՌԴ նախագահի կարգադրությամբ ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ սկսվեցին: Ես այդ երեք իրադարձությունները նույն շղթայի օղակ եմ համարում: Եվ կարծում եմ, որ Պուտինը պատրաստ չէ էրդողանի հետ հանդիպմանը, խոսակցությանը, որովհետև Թուրքիայի նախագահի կողմից ներկայացվելու են անառարկելի փաստեր, որ ռուսական ռազմական օդուժը բազմիցս խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Մյուս երկու քայլերը, վստահ եմ, որ Ռուսաստանի կողմից ուղղակի քարոզչական քայլեր են, որոնք կրում են ոչ միայն քարոզչական, այլև Անկարայի, ինչու ոչ՝ նաև միջազգային հանրության նկատմամբ շանտաժի իմաստ:
Իրականում Ռուսաստանն, իհարկե, չի չեղարկի 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը: Կրեմլը, հայտնվել է աննախադեպ ծանր վիճակում. երկրի տնտեսության կոլապսի սպառնալիքը, տնտեսական և քաղաքական մեկուսացումը, միջազգային հանրության կողմից բազմաթիվ մեղադրանքները` ուղղված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին: Հիմա Մոսկվան ձգտում է նոր խնդիրներ ստեղծել` նպատակ ունենալով կորզել Արևմուտքից նոր զիջումներ: Մասնավորապես՝ իր քայլերով Մոսկվան ցույց է տալիս, որ պատրաստ է Անկարայի հետ իր հակամարտությունը տեղափոխել Հարավային Կովկասի տարածաշրջան:


Միաժամանակ սա ուղերձ է միջազգային հանրությանը, որ Ռուսաստանը կարող է իբր շատ ավելի անկանխատեսելի լինել, քան Արևմուտքն է կարծում: Իրականում, Կրեմլը շատ լավ հասկանալով իրավիճակի բարդությունը, կառավարում և վերահսկում է ռուս-թուրքական լարվածության աճի զարգացումները:


Ռուսաստանը չի գնա 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու քայլին, որովհետև դա ուղղակիորեն հարվածելու է իր շահերին: Մի օրինակ` Նախիջևանի կարգավիճակի երաշխավորը, ըստ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի, նաև Ռուսաստանն է: Չեմ կարծում, որ Ռուսաստանի ղեկավարությունը գնա այդ քայլին, հակառակ դեպքում, եթե դա կատարվի, կնշանակի, որ Ռուսաստանի ղեկավարության գործողությունները ամբողջապես են տեղափոխվել իռացիոնալ դաշտ: Մտահոգիչ է նաև, որ վերջերս շատ հաճախ Հայաստան են այցելում Ռուսաստանի իշխանության տարբեր էմիսարներ, այդ թվում նաև` հայկական ազգանուններով, որոնք նպատակ ունեն այստեղ, ի շահ Ռուսաստանի, բորբոքել հակաթուրքական տրամադրությունների նոր ալիք: Այսինքն`հերթական անգամ, ինչպես պատմականորեն բազմիցս եղել է, Ռուսաստանը փորձելու է Հայաստանն օգտագործել՝ որպես մանրադրամ Թուրքիայի դեմ: Թե՛ իշխանությունները, թե՛ մեր հասարակությունը որևէ կերպ չպետք է ոգևորվեն դրանից, մենք հայտնվել ենք բավական դժվար իրադրության մեջ, և հստակ պետք է հասկանանք, որ Հայաստան պետության ու Ռուսաստանի շահերն ավելի ու ավելի են սկսում հակասել միմյանց: Կան քայլեր, որոնք Հայաստանն այս իրավիճակում պետք է անի` առաջին հերթին ելնելով իր պետական շահերից:


-Ի՞նչ սպասումներ ունեք այդ ամենից։  Հնարավո՞ր է, որ Հայաստանը ներքաշվի ռուս-թուրքական պատերազմի մեջ:


-Կարծում եմ, որ այս սրումը շարունակվելու է, չեմ բացառում նաև ուղղակի բախումներ Սիրիայում, բայց ոչ մեր տարածաշրջանում: Առայժմ նման բախումներ չեն լինի, բայց կրկնում եմ՝ Սիրիայում գնալով կավելանան: Սա ասում եմ, հաշվի առնելով նաև այն, որ թե’ Պուտինը, թե’ Էրդողանը նույն որակի քաղաքական գործիչներ ու ղեկավարներ են, շատ ու շատ ընդհանուր որակներ ունեն, ավտորիտար տիպի ղեկավարներ են, արտաքին քաղաքական հարցերում զիջումների չգնացող կամ դժկամության գնացող առաջնորդներ են։ Իսկ ՌԴ-ի և Թուրքիայի այս առճակատման մեջ կարևոր դեր ունի անձնական հակասությունների բաղադրիչը:


-Բայց եթե խնդիրը միայն այդ` շանտաժն ու քարոզչությունն են, այդ դեպքում ինչո՞ւ է ՌԴ-ն նման պատրաստության բերում Հարավային օկրուգում իր բազաները:


- Այո, շանտաժ: Եվ նաև սրա համատեքստում ուզում եմ նշել, որ այդ ուժերը, այդ թվում` նաև 102-րդ բազան, դրանք սպասարկում են բացառապես Ռուսաստանի շահերը: Կարող եմ ավելացնել այն, ինչ ասել եմ բազմիցս: Ուժեղացնելով և ընդլայնելով ռուսական ռազմական օդուժը Հայաստանում՝ Ռուսաստանը առիթ է փնտրում Թուրքիայի կողմից СУ-24 ռմբակոծիչի խոցմանը պատասխանելու` հենց Հայաստան-Թուրքիայի սահմանի վրա: Եվ Թուրքիան սա շատ լավ գիտակցում է:


-Իսկ դա չի նշանակի՞, որ կներքաշվենք ռուս-թուրքական պատերազմի մեջ:


- Արդեն ասացի`ուղղակի բախման հավանականությունն առայժմ Հարավային Կովկասում շատ փոքր եմ համարում, բայց բախումները չեմ բացառում Սիրիայում:


-Գրեթե բացառեցիք, որ ՌԴ-ն դուրս գա ռուս-թուրքական պայմանագրից և նշեցիք, որ եթե նման բան լինի, դա կնշանակի, որ ՌԴ իշխանությունները ամբողջովին իռացիոնալ դաշտում են, բայց եթե նման բան տեղի ունենա, ապա դա ի՞նչ իրավական հետևանքներ կարող է ունենալ: Այսինքն` դա կնշանակի՞, որ Հայաստան-Թուրքիա միջազգայնորեն ընդունված սահման այլևս գոյություն չի ունենա:


-Իհարկե ոչ: Եթե նույնիսկ Ռուսաստանը, տեսականորեն պատկերացնենք, չեղարկի 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը, ապա դա որևէ միջազգային իրավական հետևանք չի ունենա Թուրքիայի և Հարավային Կովկասի պետությունների միջազգայնորեն ճանաչված միջպետական սահմանների վրա: Այս մասին նույնիսկ այդ նախագծի հեղինակ ՌԴ պետդումայի պատգամավորներն են ասում: