Համերգ Երևանում՝ ՀՀ և ԼՂՀ պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ
Կոմիտաս թանգարան-ինստիտուտի համերգասրահում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» մասնակիցների համերգը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից։
Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում: Այն ներառում է միջոցառումների համալիր շարք, որի իրականացումը կնպաստի միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության ապահովմանն ու դասական կատարողական արվեստի ոլորտում բնականոն սերնդափոխության հիմքերի ապահովմանը:
Ծրագրի բոլոր մասնակիցների համար խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների միջոցով իրականացվում են մասնագիտական խորհրդատվություններ` անհատական դասերի և վարպետության դասընթացների ձևաչափով:
15 պատանի երաժիշտներ ներգրավվել են նաև շուրջ 100 տարբեր միջոցառումներում՝ մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչման:
Համերգը ինքնատիպ ստուգատես է կատարված աշխատաքների, որոնք ներկայացրել է ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:










