Հրատարակության է պատրաստվում Սամվել Մկրտչյանի առաջին թարգմանությունը` «Միջամառային գիշերվա երազը»
Փետրվարի 25-ին` տաղանդավոր բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր Սամվել Մկրտչյանի ծննդյան օրվան ընդառաջ լույս կընծայվի նրա առաջին թարգմանությունը՝ Ուիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ»-ը, որը նա, ի դեպ, թարգմանել է 23 տարեկան հասակում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Դա Սամվելի առաջին թարգմանությունն է եղել Շեքսպիրից: Իսկ սոնետները նա թարգմանել է 25 տարեկանում: Գործը անտիպ էր, 23 տարեկանում թարգմանել ու այդպես մնացել էր: Ու Սամվելը այդ ` «Միջամառային գիշերվա երազ»-ին թեթևսոլիկ երազ էր ասում»,- պատմեց Նաիրա Զոհրաբյանը:
Գիրքը տպագրության էր պատրաստել հենց Սամվել Մկրտչյանը, ով, սակայն, չհասցրեց այն ավարտին հասցնել: Սակայն գրքի շապիկի ձևավորումը իրենն է:
Հիշեցնենք, որ Սամվել Մկրտչյանի շնորհիվ հայ ընթերցողը հնարավորություն ստացավ հայերենով կարդալ համաշխարհային և հատկապես` ամերիկյան ու անգլիական այնպիսի հեղինակների ինչպիսիք են Թոմաս Էլիոթը, Ջոն Նյումանը, Էդգար Ալան Պոն, Ուիլյամ Ֆոլքները, Շեքսպիրը և ուրիշներ: Սակայն Սամվել Մկրտչյանի մեծածավալ գործը Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպի թարգմանությունն է, ինչի համար տաղանդավոր թարգմանիչը ստացավ ԱՊՀ երկրների գրահրատարակիչների գլխավոր մրցանակը, նաև` գրքի հրատարակության ու ձևավորման համար:
Պատահական չէ, որ Դուբլինում՝ Ջեյմս Ջոյսի թանգարանում, Սամվել Մկրտչյանի «Ուլիսեսի» հայերեն թարգմանությունն իր հաստատուն տեղն ունի վեպի եզակի թարգմանությունների շարքում։
Սամվել Մկրտչյանն ինքը թարգմանությունը համարում էր ստեղծագործական գործընթաց, անգամ` մարտահրավերի պես մի բան, որը պետք էր հաղթահարել:
Փետրվարի 25-ին` թարգմանչի ծննդյան օրը, Հանրային հեռուստատեսությունը կհեռարձակի նրան նվիրված ֆիլմը:










