Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կմեկնարկի «Լավագույնը Բրիտանիայից» խորագրի ներքո

17:17 • 12.02.16


Բրիտանական խորհուրդը, Beeline–ը Հայաստանում, Բրիտանական դեսպանատունը Երևանում և ՀՀ Մշակույթի նախարարությունը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։  Փառատոնն այս տարի կրում է  «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը: 

 

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում։ Փառատոնի բացումը կմեկնարկի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են «Օսկար» մրցանակին առաջադրված միանգամից մի քանի ֆիլմ:

 

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է` ներկայացնելու բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշները: Մշակույթը հիանալի միջոց է այնպիսի երևույթների մասին տեսակետների փոխանակման համար, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարադատությունը և բազմազանությունը, ուստի մենք հպարտ ենք համաֆինանսավորել այս փառատոնը: Առաջարկվող ֆիլմերը, իսկապես, շատ լավն են, և մենք հուսով ենք, որ դրանք կարժանանան մեր հայ բարեկամների հավանությանը»,- նշեց Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

 

«Արդեն չորրորդ տարին անընդմեջ մենք աջակցում ենք փառատոնի իրականացման գործընթացին և վստահ եմ, որ դա օգնում է ներկայացնել Բրիտանական կինոարվեստի լավագույն ֆիլմերը հայ հանդիսատեսին։ Որպես կանոն, փառատոնը մեծ համբավ է վայելում երիտասարդների շրջանում, իսկ որակյալ ֆիլմերը ոգեշնչում են երիտասարդ սերնդին հասնելու նորանոր բարձունքների ի շահ հասարակության և երկրի։ Ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերի ցուցադրության ցանկում այս տարի ընդգրկվել են նոր մարզեր և այդ մարզերի երիտասարդներին էլ կարող են բացահայտել իրենց համար լավագույնները, իսկ մենք էլ մեր հերթին կփորձենք դարձնել նրանց կյանքն էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

«Այս տարի ֆիլմերը պատմում են սիրո, սեփական իրավունքների, արդարության և իրենց երազանքների համար պայքարող մարդկանց մասին: Փառատոնի ծրագիրը բազմազան է թե´ թեմաների ընտրութամբ, և թե´ ֆիլմերի ժանրային առանձնահատկությամբ: Ֆիլմերի ընտրությանը Բրիտանական խորհուրդը մոտեցել է ամենայն պատասխանատվությամբ` նպատակ ունենալով մեր հանդիսատեսին ներկայացնել միայն լավագույնը»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

 

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։  Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 20-ից  26-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր երեք անգամ։ Փետրվարի 27-ին Փոքր թատրոնում կցուցադրվի «Մաքսին Փիքի Համլետը» և «Սիրիայի թագուհիները» ֆիլմերը։ «Մաքսին Փիքի Համլետը» ֆիլմը ցուցադրվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շրջանակում: Փառատոնը մարզերում այս տարի կընդգրկի Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքները: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։ 
Այս տարի փառատոնի հյուրն է Սայմոն Ուիլքինսոնը, ով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում  կներկայացնի «The Cube» ֆիլմ-ներկայացումը, որը վիրտուալ իրականության, թատրոնի, կինոյի և լուսանկարչությանը միաձուլում է:

 

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ 

 

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ`  այցելելով www.britishcouncil.am կայք։

 

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը:



 

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կմեկնարկի «Լավագույնը Բրիտանիայից» խորագրի ներքո