Համալիրը թեև ծախսատար է, սակայն պետք է այն պահպանել. ճարտարապետները մտահոգված են

12:47 • 12.02.16

Ճարտարապետներ Ֆերդինանտ Առաքելյանը և Համալիրի հեղինակներից Հրաչիկ Պողոսյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան փետրվարի տասնմեկին կառավարության նիստում ընդունված որոշմանը, ըստ որի` նախորդ տարվա օգոստոսի 31-ին կայացված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառելու որոշումը չեղյալ հայտարարվեց:

Հրաչիկ Պողոսյանը նշեց, որ Համալիրը խորհրդային տարիներից մեզ հասած ժառանգություն է, և նրա պահպանելը ծախս է պահանջում: «Յուրաքանչյուր պետություն կամ ընտանիք պետք է լավ ճանաչի իրեն հասած ժառանգությունը և հասկանա, թե որը պետք է պահի, որը պետք չի, իսկ եթե պետք է պահպանվի, ապա  ինչ-որ միջոցներ են դրա համար պետք հայթայթել»,-ասաց նա:
Նա համամիտ էր, որ Համալիրը ծախսատար շինություն է: Իսկ ինչ վերաբերում է պահպանմանը,  ապա նա ասաց.«Մեզ  մոտ պահպանումը` որպես գաղափար գոյություն չունի»: Նա նշեց, որ եթե որևէ շենքում որևէ խնդիր է ծագում, իրենց մոտ վերացնելու միտք է առաջանում, քանի որ վերացելուց հետո պահելու խնդիր չկա:

«Համալիրը պետք է պահպանել»,-ասաց նա և նշեց, որ Պաշտպանության նախարարությանը հանձնելը ճարահատյալ և ժամանակավոր քայլ էր: Նա նշեց, որ դա լուրջ տնտեսական կառույց է և չի կարող պարապուրդի մատնվել, ու պետք է գտնվի այնպիսի գիտելիքներով մեկը, որը կկարողանա օգտագործել Համալիրի հնարավորությունները:


Ֆերդինանտ Առաքելյանն ասաց, որ Համալիրը ծանր ու բարդ կառույց է: «Այն ունիկալ կառույց է, բամբասել են,  բամբասում են, բայց հետո տեսան՝ հրաշք  է դա»,-ասաց նա և նշեց, որ կառույցներ կան, որ սեփականացնելու իրավունք չունեն:

Ըստ նրա՝դոտացիա պետք  է լինի պետության կողմից, ինչն այս պետության համար մեծ խնդիր չի համարում: Նա նկատեց, որ շենքը սեփականաշնորհվեց սեփականատիրոջ ձեռքում «կրակն ընկանք»: «Կառույցներ կան, որոնք պետք է պետությունը գուրգուրի, պահի, որովհետև դա ժողովրդին է: Սա այն կառույցն է, որն իրավունք չունեն անտերության մատնել կամ տալ պատահական մեկին»,-ասաց նա և նշեց, որ վերջին գնորդը պարզապես ցանկանում էր գնել բլուրը և դարձնել կազինո, ինչը չհաջողվեց։

Համալիրը թեև ծախսատար է, սակայն պետք է այն պահպանել. ճարտարապետները մտահոգված են