Երբեմն դերասանները, որպեսզի մտնեն դերի մեջ, որոշ ժամանակ ապրում են հոգեբուժարանում, բանտում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որ հայ հանդիսատեսին հայտնի է իր «Պապ 005» ֆիլմով, այս օրերին նոր ֆիլմ է նկարահանում Ղարաբաղյան պատերազմի մասին։ Ֆիլմի վերնագրի նախնական տարբերակը «Գիծ» է, պատմում է մարտական չորս ընկերների մասին։
Ֆիլմի մի հատված նկարահանվել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում, ուր, ի դեպ նկարահանվել է նաև «Մենք ենք մեր սարերը»։ Այժմ նկարահանող խումբն ուղևորվել է Լոռու մարզ՝ նկարահանումներն այնտեղ շարունակելու։
Ֆիլմի ռեժիսորը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու տեսանյութեր է հրապարակել նկարահանման հրապարկից։
«Երբեմն դերասանները, որպեսզի մտնեն դերի մեջ, այն յուրացնեն, որոշ ժամանակ ապրում են հոգեբուժարանում… բանտում, թեև հոգեպես դժվար է, բայց շրջապատողների համար անվտանգ: Ես դիմում եմ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասաններին ու գլխավոր ռեժիսոր Նարինե Մալյանին. Ձեր թատրոնն այն քչերից մեկն է, որով կարելի է հպարտանալ: Զգույշ եղեք Սամվել Թոփալյանն արդեն 2 ամիս է, ինչ մարզվում է ռազմական հատուկ նշանակության ուժերի հետ: Տարօրինակ ռեֆլեքսներ է ձեռք բերել, նրա մոտ կտրուկ շարժումներ չանեք: Կամերային թատրոնից մի շատ տաղանդավոր դերասան արդեն տուժել է»,- գրել է ռեժիսորը։
Տեսանյութը՝ Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից










