Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին՝ հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց, Վիլեն Գալստյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազում ձեռքբերումներով: Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ և համաշխարհային դասական պարարվեստի զարգացման և տարածման գործում, կերտել մնայուն և անմոռաց կերպարներ:
Այսօր էլ շարունակելով Ձեր հայրենանվեր գործունեությունը՝ որակական նոր աստիճանի եք հասցրել Հայաստանի բալետային արվեստը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր նվաճումներ և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում:










