«Ամենախելացին» hեռուստանախագիծ է, որը վերածվեց շարժման. Արմեն Աշոտյան

15:42 • 13.02.16

 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ «Ամենախելացին» հեռուստանախագծի 3-րդ և 4-րդ եթերաշրջանի մասին հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախագծին, ասաց, թե շատ ուրախ է, որ «Արմենիա Թի Վի»-ի հետ մեկնարկած համագործակցությունը, Կրթության և գիտության նախարարության համար ամենահաջողված հեռուստանախագծերից մեկը դարձավ:

 

Նա նշեց, որ երբ սկսում էին այս նախագիծը, խնդիրը միայն ֆինանսական չէր, այլ առավել կարևոր էր, որպեսզի հեռուստանախագիծն էկրանից թափանցի մարդկանց տները, ովքեր նայում են այս հաղորդումը:


«Որքան էլ պարադոքսալ չէ պարզվեց, որ նման հաղորդումը, որը առաջին հայացքից չպետք է վայելեր մեծ հետաքրքրություն, որովհետև սերիալ չէ, սիրային չէ, սկանդալ չէ, դարձավ շաբաթ օրվա փրայմ-թայմի համար ամենադիտվող հաղորդումներից մեկը: Սա նշանակում էր, որ սով կար, քաղց կար, հեռուստաեթերում կար պակաս՝ մանկական, պատանեկական, ինտելեկտուալ ժամանակակից ծրագրերի: Իմ անձնական հպարտությունն ու ուրախությունն այն է, որ մենք կարողացանք կյանքի կոչել հեռուստանախագիծ, որը վերածվեց շարժման»-ասաց նա։

 

Նախարարը նկատեց, որ այս մեկ տարվա ընթացքում մեծ աշխուժություն մտավ դպրոցներում հենց այս հեռուստանախագծով պայմանավորված, և այդ  երեխաները դարձան օրվա, լրահոսի հերոս:
 

«Հեռուստաէկրանից գովազդվեց և գովազդվում է գիտելիքը, ինտելեկտը, բազմակողմանի զարգացվածությունը, ինչը ամենամեծ նվաճումն է: Ուրախ ենք, որ կարողանում ենք այսօր  «Արմենիա Թի Վի»-ի, «Գազպրոմ Արմենիա» խմբի հետ միասին շարունակել այս նախագիծը, քանի որ մեծ կորուստ կլիներ, եթե այս նախագիծը դուրս մնար հեռուստացանկից»,-ասաց նա:

 

Արմեն Աշոտյանը կարծում է, որ այս տարվա թիրախը ուսանողներին դարձնելով՝ կկարողանան այս գիտելիքի հաղթարշավը տարածել հնարավորինս ավելի լայն շրջանակներում:

 

Հիշեցնենք, որ «Արմենիա Թի Վի» ՓԲ ընկերության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջև այսօր «Օպերա Սյուիթ» հյուրանոցում ստորագրվեցին եռակողմ համագործակցության հուշագիր, Արմենիա հեռուստաընկերությամբ «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի երրորդ եթերաշրջանը իրականացնելու վերաբերյալ:

 

 


 

«Ամենախելացին» hեռուստանախագիծ է, որը վերածվեց շարժման. Արմեն Աշոտյան