«Ամենախելացին» նախագծի 3-րդ եթերաշրջանին կմասնակցեն 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներ. Նվեր Ղազարյան
«Արմենիա» հեռուստաընկերության եթերում «Ամենախելացին» հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանին մասնակցում են բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բակալավրիատի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները: Այս մասին Tert.am-ի հետ ասաց «Ամենախելացին» հեռուստանախագծի պրոդյուսեր Նվեր Ղազարյանը:
«Այս անգամ մեր կողքին են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը»,-ասաց պրոդյուսերը:
Հիշեցնենք, որ այսօր «Արմենիա Թի Վի» ՓԲ ընկերության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջև այսօր «Օպերա Սյուիթ» հյուրանոցում ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր, Արմենիա հեռուստաընկերությամբ «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուի 3-րդ եթերաշրջանը իրականացնելու վերաբերյալ:
Նվեր Ղազարյանը նշեց, որ նախագծին մասնակցելու համար նախապես տեղի է ունենում ընտրական փուլ-քննություն, որտեղ մասնակիցները պետք է 40 հարցի պատասխանեն, ճիշտ պատասխանած առավելագույն միավորներ հավաքածներն անցնում են հաջորդ փուլ:
Բանավոր փուլում արդեն մեկ րոպեի ընթացքում մասնակիցները պատասխանում են տարաբնույթ հարցերի, հաղթահարում են արագ փուլը: Դրանից հետո արդեն խմբագրական և պրոդյուսերական անձնակազմը որոշում է կայացնում, թե որ 96 մասնակիցներն են անցնում խաղին:
«Ինչպես նախորդ եթերաշրջաններում դպրոցականների, այս եթերաշրջանում էլ ուսանողների համար նախատեսված հրաշալի անակնկալ մրցանակներ են սպասվում թե՛ Կրթության նախարարության, թե «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից, ինչպես նաև Արմենիա հեռուստաընկերությունը կազմակերպել է մի քանի հետաքրքիր անակնկալներ»,-ասաց Նվեր Ղազարյանը՝ հավելելով, որ ամեն ինչը միտված է գիտության ու կրթության խթանելուն: Նա նշեց, որ ցանկացած մրցանակ իր մեջ պարունակելու է այդ խթանը պարունակող տարրեր:
Նախագծի գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանն էլ ասաց, որ հաղորդման ձևաչափը ոչ մի փոփոխություն չի կրում, միայն հարցերն են մի փոքր բարդանում:
«Կարծում եմ, որ հասարակությունը չէր սպասում այս հաղորդումից այսքանը, հաղորդումը շատ լայն արձագանք ստացավ, որոնք գրեթե 100 տոկոսանոց դրական արձագանքներ էին: Սա պայմանավորված էր նախ այն հանգամանքով, որ վաղուց սպասված էր ինտելեկտուալ հաղորդումը, և «հայրեր-որդիներ» այդ խնդրից ելնելով շատերը չէին սպասում, որ այսօրվա սերունդն իրենցից էլ գրագետ են, ինչը բնականաբար, յուրաքանչյուր ծնողի համար շատ ուրախալի է»,-ասաց Կարեն Քոչարյանը:
Ինչպես գլխավոր խմբագիրն է բնութագրում՝ հաղորդումը դարձավ վարակիչ, որովհետև դպրոցականները ոչ միայն ուզում են գալ և մասնակցել հաղորդմանը, այլ զանգվածային բնույթ է կրել խաղի ոչ հեռուստատեսային տարբերակը: Տարբեր դպրոցներում սկսել են խաղալ «Ամենախելացին»:










