Եթե մի քիչ էլ առաջ գայինք, Ադրբեջանի ժողովուրդն Ալիևին իրենց հրապարակներում կկախեր. Պարգև Սրբազան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վաղը կայանալիք պաշտոնական այցի նախօրեին նրա կողմից Երևան բերվող հնարավոր առաջարկների ու ուղերձների համատեքստում Tert.am-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն անդրադառնում է հարցին, թե Արցախում ինչ տրամադրություններ են, քաղաքացիներն ու քաղաքական իշխանությունները փոխզիջումային ինչ եզրեր են տեսնում:
-Վերջին օրերս անընդհատ խոսվում է այն մասին, որ վաղը Հայաստան ժամանող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այստեղ է գալու ՌԴ նախագահի ծրագրով, որը ենթադրում է ՄԽ-ում ՌԴ ակտիվացում, տարածքների վերադարձ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող կետեր: Այս համատեքստում կարո՞ղ եք ասել, թե Արցախումն այս առումով ինչ տրամադրություններ կան մարդկանց, քաղաքական ուժերի, զինվորականության շրջանում: Այս պահին ի՞նչ հնարավոր փոխզիջումների հնարավորություններ են տեսնում:
-Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը նոր փաթեթ կարող է բերել, որովհետև, որքանով ես եմ տեղյակ, կան Մադրիդյան սկզբունքներ և Կազանի սկզբունքներ, որոնք ոնց որ թե պետք է դառնան բանակցությունների անկյունաքարը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի ժողովուրդ, թե քաղաքական իշխանություն, թե բանակ, անկեղծ ասած, ոչ ոք դրան կողմնակից չէ: Մարդկային առումով: Սա իմ պատասխանն է, եթե ուզում եք իմանալ:
-Հասկանալի է, բայց կա՞ ինչ-որ մի սահման, հնարավորություն փոխզիջման, որ Արցախում դիտարկվում է:
- Չգիտեմ… թող Լավրովը գա, ես այդ խոհանոցին լավ տեղյակ չեմ, կներեք, որտեղի՞ց իմանամ` Լավրովն ինչ ծրագրով է գալիս:
-Այսօր մեր մամուլում, հղում անելով ինչ-ինչ դիվանագիտական աղբյուրների, նշվում, որ Ռուսաստանի միջնորդական դերի ակտիվացմամբ, Ռուսաստանը, նշված ծրագրի շրջանակներում նախատեսում է Ադրբեջանին դարձնել ԵՏՄ անդամ,իսկ ԼՂ-ին` նույն միության մեջ դիտորդի կարգավիճակ տալ: Այսինքն, որ հակամարտության բոլոր 3 կողմերը լինեն «մեկ կաթսայում»` ԵՏՄ, այսպես ասած, «հովանու ներքո»։
-Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կմտնի ԵՏՄ: Ադրբեջանը էդ քայլին չի գնա…
-Ինչո՞ւ չի գնա:
-Որովհետև Ադրբեջանին ձեռնտու չէ այս պահին, որովհետև դրանով Ադրբեջանը կզրկվի շատ ու շատ բաներից և անկախ գործելակերպից: Երկրորդ՝ չեմ կարծում, որ Թուրքիան իրեն թույլ տա այդ քայլին գնալ: Դա իմ անձնական կարծիքն է: Կապրենք, կտեսնենք, մեկ է՝ շուտով կերևա՝ ինչ առաջարկներ են բերում։ Բայց ես միշտ ասել եմ, ասում եմ՝ Ղարաբաղը լինելու է անկախ հանրապետություն: Եվ, ի վերջո, մենք մեր նպատակին հասնելու ենք: Ղարաբաղը աշխարհի անկյունաքարն է, որի վրա շատ-շատերը փշրվելու են:
-Սրբազան, շատ է խոսվում այն մասին, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որ ինչ-որ մի փուլում Ստեփանակերտը լինելու է բանակցային սեղանի անդամ: Ըստ Ձեզ՝ այս փուլում Ստեփանակերտը կարո՞ղ է նստել սեղանի շուրջ. անհրաժեշտության մասին շատ է խոսվել, բայց լինելո՞ւ է, թե ոչ:
-Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ Ադրբեջանը դրան համաձայնի, թեև դա մեր բոլորիս ձգտումն է: Բայց դե Ադրբեջանի պարագայում հույս չունեմ:
-Այս ընթացքում շատ խոսվեց քառօրյա պատերազմի դասերից: Արցախում և՞ս վերլուծում եք, որ ինչ-որ բան այն չէր, որ պետք էր ավելի ուժեղ լինել տեղում։ Նկատի չունեմ՝ ռազմական գործողությունների ժամանակ, այլ որ ավելի շատ բնակեցված լինեին Հայաստանն ու Արցախը, ավելի քիչ մարդ արտագաղթած:
-Ես կարծում եմ՝ ամեն ինչ շատ տեղին ու ճիշտ էր: Նայեք. եթե ողջ սահմանով մեկ հանկարծակի հարձակվում են, միշտ նախաձեռնությունն ու օգուտը լինում է նրա կողմը, ով հանկարծակի հարձակվում է: Բայց դա իրենց չհաջողվեց: Պատկերացրեք՝ ես և Դուք կանգնած ենք փողոցում, և ես հանկարծ Ձեզ ապտակում եմ։ Չե՞ք սպասում, չէ այդ հարվածին: Բայց, կրկնում եմ, Ադրբեջանի այդ ծրագիրը առաջին գծում տապալվեց մեր հերոս տղաների շնորհիվ, որոնք ասես խեղդամահ արեցին իրենց առաջանցումը: Իրենք ահավոր զոհեր տվեցին, իրենց ծրագիրը ձախողվեց: Մենք պիտի արդեն անցնենք հակահարվածի, և Իլhամ Ալիևը դա տեսնում էր, բայց Մոսկվայում զինադադար եղավ: Բայց եթե մենք մի քիչ էլ առաջ գայինք, Ադրբեջանի ժողովուրդը նրան իրենց հրապարակներում կկախեր: Դրա համար ինքը իր կաշին փրկեց: Այնպես որ, կարծում եմ, մեր բանակը ամեն ինչ տեղը տեղին արեց:
-Նաև հայությունը Սփյուռքում և Հայաստանում շատ վրդովված է միջազգային հանրության արձագանքից, որ մի կողմից հասցեական չեն, կոնկրետ մեղավորին չեն մատնանշում։ Մյուս կողմից էլ նշում են, կոնկրետ Մինսկի խմբի պարագայում, թե պարզելը՝ ով առաջինն է սկսել, իրենց մանդատի շրջանակում չէ: Այսինքն՝ 100 տարի անց հայ ժողովուրդը միգուց մի նոր թղթե շերեփո՞վ է:
-Ոչ, արդեն 24-25 տարի է՝ երկաթի շերեփով ենք պայքարում:










