Tesla-ն կզբաղվի ինքնակառավարվող հանրային տրանսպորտի զարգացմամբ
Էլեկտրական մեքենաների արտադրության բնագավառի ամենահայտնի ընկերություններից մեկը` ամերիկյան Tesla-ն, պատրաստվում է զբաղվել ինքնակառավարվող հանրային փոխադրամիջոցների ստեղծմամբ:
Ինչպես նշում է motor.ru-ն, այս մասին ասել է Tesla-ի գործադիր նախագահ Իլոն Մասկը` Նորվեգական տրանսպորտային համաժողովի շրջանակում։
«Մենք մտադիր ենք ավտոբուսի պես մի բան ստեղծել, որը խիտ բնակեցված վայրերում կլուծի տրանսպորտի խնդիրը։ Մենք պետք է վերաիմաստավորենք հանրային տրանսպորտի ներկայիս կոնցեպտն ու ստեղծենք այնպիսի նորույթ, որը կբավարարի բոլորի պահանջները»,-ասել է Մասկը:
Tesla-ի ղեկավարի խոսքով՝ ինքը մտածում է ստեղծել այնպիսի ինքնակառավարվող փոխադրամիջոց, որն ուղևորներին կտեղափոխի ոչ թե կանգառից կանգառ, այլ` նրանց ուղևորության վերջնական կետը։












