SpaceX-ը մտադիր է մինչև 2018-ը թռիչք իրականացնել դեպի Մարս
SpaceX ամերիկյան տիեզերական ընկերությունը որոշել է մինչև 2018 թվականը տիեզերանավ ուղարկել Մարս: Ինչպես փոխանցում է Meduza գործակալությունն, այս մասին ընկերությունը հայտնել է թվիթերյան էջի միջոցով:
Մարսիական առաքելության համար նախատեսված տիեզերանավը կստանա Red Dragon անվանումը: Ընկերությունը նշել է, որ առաքելության շրջանակներում Մարսի մակերես մեծ բեռներ հասցնելու տեխնոլոգիաներ կմշակվեն:
Առաքելության հաջողության դեպքում SpaceX-ը կդառնա Մարս տիեզերանավ ուղարկող առաջին մասնավոր ընկերությունը:
Միլիարդատեր Էլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը ՆԱՍԱ-ի հետ պայմանագրի համաձայն զբաղվում է Dragon տիեզերանավերով բեռների տեղափոխմամբ Միջազգային տիեզերակայան:










