Facebook-ը 3 տարվա ընթացքում 12 միլիոն դոլար է ծախսել Ցուկերբերգի անվտանգության համար
Facebook-ը երեք տարվա ընթացքում ավելի քան 12 միլիոն դոլար է ծախսել ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգի անվտանգությունն ապահովելու համար։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Սոցիալական ցանցի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ցուկերբերգը մշտապես ենթարկվում է «սպառնալիքների», այդ պատճառով ընկերությունը միլիոններ է ծախսում Սան Ֆրանցիսկոյում նրա տան անվտանգության և ճանապարհորդությունների համար թիկնապահների թիմի վրա, որը գլխավորում է նախկինում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայության նախկին բարձրաստիճան աշխատակիցը։
Facebook-ի հիմնադիրը նաև նախընտրում է տեղաշարժվել ընկերության տրամադրած ավտոմեքենաներով և ինքնաթիռներով:
Արդյունքում՝ Ցուկերբերգի անվտանգության ծախսերը 2013 թվականին կազմել են 2,65 միլիոն դոլար, 2014 թվականին՝ 5,6 միլիոն, իսկ 2015 թվականին՝ 4,26 միլիոն: Դա թույլ է տվել սոցցանցի ղեկավարին զբաղեցնել առաջին տեղն անվտանգության համար ծախսերի մասին Standard & Poor-ի կազմած վարկանշային ցանկում: Երկրորդ տեղը զբաղեցրել է Oracle ընկերությունը, որը 2015 թվականին ծախսել է 1,53 միլիոն իր համահիմնադիր Լարի Էլիսոնի անվտանգության համար:










