Հայտնաբերվել են ծովագնաց Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի բեկորները
Հետազոտողները վստահ են, որ հայտնաբերել են «Ինդեվըր» նավի բեկորները, որով հանրահայտ անգլիացի քարտեզագիր և ծովագնաց Ջեյմս Կուկը 1770-ին հասել էր Ավստրալիայի ափերին:
Ինչպես հաղորդում է CNN-ը` Rhode Island Marine Archeology Project կազմակերպության աշխատակիցները հայտարարում են հայտնի նավի բեկորները ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքի մոտակայքում հայտնաբերելու մասին:
Կազմակերպության տնօրենի խոսքով` Կուկի գիտարշավից հետո «Ինդեվըր» նավն ստացել է «Լորդ Սենդվիչ» անվանումը:
Կազմակերպությունում կարծում են, որ նավը խորտակվել է բրիտանացիների կողմից 1778 թվականին 12 այլ նավերի հետ, Ռոդ Այլենդի գրոհի նախօրեին` Նարագանսեթ ծոցի շրջափակման ժամանակ:
Կուկը «Ինդեվըր» նավը կառավարել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ՝ 1768-1771 թվականներին: Նավը, որը այնքան էլ մեծ չի եղել, հատուկ նախատեսված է եղել գիտական արշավախմբի համար:










