Google ինքնակառավարվող մեքենաները «սովորել են» ձայնային ազդանշան արձակել
Google ընկերությունն իր ինքնակառավարվող մեքենաների փորձնական նախատիպերին սովորեցրել է ձայնային ազդանշան արձակել` տարբեր իրավիճակներում երթևեկության մյուս մասնակիցներին զգուշացում տալու համար: Motor.ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ընկերության` ինքնակառավարվող մեքենաների արտադրությամբ զբաղվող ստորաբաժանման ամենամսյա զեկույցում:
Մշակման փուլում Google-ի ինքնակառավարվող նախատիպերը ձայնային ազդանշաններ էին արձակում միայն մեքենայի ներսում: Անհրաժեշտության դեպքում մեքենայի ներսում ձայն էր հնչում, որը մասնագետները գրանցում էին տեղեկամատյանում: Այնուհետև վերլուծություն էր իրականացվում` արդյոք մեքենան ճիշտ պահին է ազդանշան տվել, թե ոչ:
Ընկերությունը ձայնային ազդանշանների մի քանի տեսակ է ներկայացրել: Եթե իրավիճակը ճգնաժամային չէ, մեքենան մի քանի կարճատև ձայներ է արձակում: Իսկ եթե իրավիճակը պահանջում է անհապաղ ազդանշան տալ երթևեկության մեկ այլ մասնակցի, ապա Google-ի նախատիպը առավել բարձր և երկարատև ազդանշան կարձակի:










