Ղազախստանում բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ են ձերբակալվել՝ իշխանափոխության կազմակերպման կասկածանքով

12:55 • 06.06.16

Ղազախստանում բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորականների խումբ է ձերբակալվել՝ իշխանափոխության կազմակերպման փորձի կասկածանքով: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Ղազախստանի ազգային անվտանգության հանձնաժողովի մամուլի ծառայությանը:

 

Կասկածյալների թվում են Ղազախստանի գլխավոր դատախազի նախկին առաջին տեղակալ, երկրորդ կարգի արդարադատության պետական խորհրդական Իլյաս Բախտիբաևը, ինչպես նաև Հարավ-ղազախական մարզի ներքին գործերի դեպարտամենտի նախկին ղեկավար գեներալ-մայոր Դոսկալիևը:

 

Բացի այդ, ձերբակալվածների թվում են Հարավ-ղազախական մարզի ներքին գործերի բաժնի ղեկավարի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ և երկրի պաշտպանության նախարարության «Հարավ» տարածաշրջանային հրամանատարության զորամասերի երկու հրամանատար:

 

Ազգային անվտանգության հանձնաժողովի հաղորդմամբ՝ զինվորականները և պաշտոնյաները ձերբակալվել են նախորդ հանգստյան օրերին՝ որպես ավելի վաղ ձերբակալված գործարար Տոխտար Տուլեշովի հանցակիցներ:

 

«Նրա գործողությունների ծրագիրը նախատեսում էր երկրում լարվածությունների օջախների ստեղծման ճանապարհով իրավիճակի ապակայունացում, բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների կազմակերպում, որոնց ֆոնին նա պատրաստվում էր ձևավորել այսպես կոչված՝ «այլընտրանքային կառավարություն» և փոխել գործող իշխանության կառուցվածքը»,- ասել է հանձնաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ռուսլան Կարասևը:

 

Ղազախստանում բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ են ձերբակալվել՝ իշխանափոխության կազմակերպման կասկածանքով