Զախարովան հեգնում է Հայաստանի հանրությանը, այն հատվածին, որը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը խզում է հայ–ռուսական հարաբերությունը․ Հակոբ Բադալյան

22:54 • 30.09.26

«Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը, երբ ասում էր, որ հայ–ռուսական հարաբերությունն այլեւս առաջվանը չի լինելու։ Միգուցե այն ավելի լավն է լինելու», այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, պատասխանելով ճեպազրույցի ընթացքում հնչած հարցին։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Դուք կարծում եք, որ Զախարովան Փաշինյանի՞ն է հեգնել։ Թերեւս իզուր։ Նա հեգնել է Հայաստանի հանրությանը, գուցե՝ նույնիսկ ակամա։ Այսինքն, Զախարովան ինքն էլ գուցե համոզված է, որ հեգնել է Փաշինյանին։ Գործնականում, նա հեգնում է Հայաստանի հանրությանը, համենայն դեպս այն հատվածին, որը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը խզում է հայ–ռուսական հարաբերությունը։

Գործնականում, նա քանդում է այդ հարաբերության ավանդական մոդելը։ Այն, ինչ խոշոր հաշվով ակնկալում է Ռուսաստանը։ Ավանդական մոդելը Մոսկվայի համար այլեւս խնդիր է։ Ի՞նչ մոդել է կառուցվելու։ Դեռ պարզ չէ։ Առայժմ քանդման պրոցեսն է, իսկ նոր մոդելը կձեւավորվի արդեն մակրոմակարդակում տեղի ունեցող քաղաքական շարժերի արդյունքում»,-գրել է նա։

Զախարովան հեգնում է Հայաստանի հանրությանը, այն հատվածին, որը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը խզում է հայ–ռուսական հարաբերությունը․ Հակոբ Բադալյան