Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ անհաջող են հանդես գալիս:
77 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը մեկնարկում 1-1 հաշվով առավելության հասավ Սերգեյ Կուտուզովի նկատմամբ: Սակայն 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 2-4 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Ամոյանը կստանա սփոփիչ գոտեմարտի և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն:
60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, որը Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից՝ 9-6 հաշվով հաղթելով վրացի Դիմիտրի Խաչիձեին: Ցավոք, 1/8 եզրափակիչում նա ժամանակից շուտ զիջեց ճապոնացի Կոտո Գոմիին: Սուրենը նույնպես կշարունակի պայքարը մեդալի համար միայն այն դեպքում, եթե ճապոնացի ըմբիշը հասնի եզրափակիչ:
82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն էլ իր հերթին մեկնարկային գոտեմարտում 1-2 հաշվով պարտվեց Համզաթ Գաջիևին: Նրա հետագա պայքարը ևս կախված է մրցակցի՝ եզրափակիչ դուրս գալուց:
Հիշեցնենք, որ Աստանայի «Barys Arena»-ում ընթացող մեծահասակների աշխարհի առաջնությունը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 24-ին, և կտևի մինչև նոյեմբերի 1-ը։ Մրցումային այս օրը պայքարի մեջ պետք է մտնի նաև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը։










