«Team»-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ 35 մլն դոլար. արդյունքը հայտարարվեց միջազգային համաժողովում (լուսանկար, տեսանյութ)
«Team Holding»-ը հաջողությամբ ավարտել է կորպորատիվ պարտատոմսերի եռափուլ տեղաբաշխումը՝ կապիտալի շուկայից ներգրավելով շուրջ 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում։
Նախագծի հաջող ավարտի մասին «Team» ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը հայտարարեց «Freedom Broker Armenia»-ի կազմակերպած «Հնարավորությունների ժամանակը. Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» ներդրումային և ֆինանսական երկրորդ միջազգային համաժողովի ընթացքում։

«Մենք տեսնում ենք, որ ներդրողները մեզ գնալով ավելի են վստահում, և մեր հնարավորությունը, որը ստեղծում ենք ներդրման համար, իրենց էլ է գոհացնում: Կարծում եմ՝ սա փոխշահավետ համագործակցություն է: «Freedom Broker Armenia»-ի հետ միասին մենք այս թողարկումն արեցինք և շատ ուրախ եմ, որ այսօր կարող եմ հայտարարել՝ ողջ ծավալը վաճառված է»,-ասաց «Team» ընկերությունների խմբի համահիմնադիր և տնօրեն Հայկ Եսայանը։

Պարտատոմսերի ծրագրի ընդհանուր ծավալը կազմել է 31,5 մլն ԱՄՆ դոլար և 1,4 մլրդ ՀՀ դրամ, որի տեղաբաշխման երեք փուլն էլ ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ:
«Team»-ում սա դիտարկում են որպես ներդրողների բարձր հետաքրքրության և ընկերության զարգացման ռազմավարության նկատմամբ վստահության ևս մեկ ցուցիչ։

Իսկ «Freedom Broker Armenia»-ում շեշտում են՝ նման տեղաբաշխումները կարևոր են ոչ միայն առանձին ընկերությունների ֆինանսավորման, այլև Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար։
«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Հայաստանն այսպիսի հնարավորություններ ունի, տեղաբաշխումներ լինում են, որովհետև մեր հոլդինգում տարբեր ներդրողներ կան ու թեկուզ այն, որ մենք կարողանում ենք միջազգային ներդրողին բերել ու միջազգային ներդրողը ներդրում է անում Հայաստանի կազմակերպությունում, արդեն մեծ քայլ է, որովհետև մենք բերում ենք միջազգային կապիտալ՝ մեր երկիր»,-նշեց «Freedom Broker Armenia»-ի գլխավոր տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Ներգրավված միջոցներն ուղղվելու են «Team» ընկերությունների խմբի ռազմավարական ուղղությունների զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, գործող բիզնես ուղղությունների ընդլայնմանը և ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։

Այսպիսով, «Team»-ի պարտատոմսերի տեղաբաշխումը գործնական օրինակ է, թե ինչպես կապիտալի շուկան կարող է աջակցել բիզնեսի մասշտաբավորմանը, ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցմանը և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրականացմանը։










