EasyJet-ը մարդուն ճիշտ ուղղորդող «խելացի» մարզակոշիկներ է ստեղծել (տեսանյութ)
Անծանոթ քաղաքում հայտնվելու դեպքում մարդկանց օգնության են հասնում Google Maps և Apple Maps քարտեզային հավելվածները, որոնք հարյուր հազարավոր տվյալներ են պարունակում զբոսաշրջիկներին հետաքրքրող ռեստորանների, ժամանցային վայրերի ու զբոսաշրջային օբյեկտների վերաբերյալ:
Սակայն քարտեզային ծառայությունից օգտվելու նպատակով ամեն վայրկյան սմարթֆոնի քարտեզն օգտագործելը բավական անհարմար է: Բրիտանական EasyJet ավիաընկերությունը տվյալ հարցի համար առաջարկել է իր լուծման տարբերակը:
Ինչպես նշում է techinsider.com կայքը, ընկերությունը ստեղծել է Sneakairs կոչվող «խելացի» մարզակոշիկները, որոնք համալրված են Arduino չիպով: Մարզակոշիկներն ուղղորդում են մարդուն` համապատասխան թրթիռների միջոցով:
Ներկառուցված Bluetooth տեխնոլոգիան սինքրոնավորված է GPS համակարգի հետ ու հատուկ զգայակների միջոցով ազդանշաններ է ուղարկում մարզակոշիկները կրողին:
Հայտնի է, որ մարզակոշիկները ներկայացվել են նախնական տարբերակի տեսքով, իսկ դրանց զանգվածային արտադրության վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան:










