Աննախադեպ գունաթափումից հետո երբեմնի խայտաբղետ Մեծ արգելախութն անճանաչելի է դարձել (լուսանկարներ)
Արդեն մի քանի ամիս է, ինչ բնապահպաններն ահազանգում են աշխարհի գեղեցկագույն բնական երևույթներից մեկի` Մեծ արգելախութի զանգվածային գունաթափման մասին, ինչն էկոլոգիական լուրջ աղետ է:
Ինչպես նշում է The Guardian-ը, վերջերս արված լուսանկարները փաստում են, որ երբեմնի խայտաբղետ խութերն ու մարջաններն այլևս չկան: Դրանց փոխարեն ջրասույզների աչքի առաջ հայտնվել է գորշ պատկեր` գունաթափված, անկենդան օրգանիզմներ, որոնք ժամանակին հազարավոր ձկնատեսակների ու այլ ջրային էակների համար որպես տուն էին ծառայում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մեծ արգելախութի գունաթափումը տեղի է ունեցել կլիմայական փոփոխությունների` մասնավորապես օվկիանոսային ջրերի միջին ջերմաստիճանի բարձրացման պատճառով: Ներկայում գունաթափվել է Մեծ արգելախութի 93 տոկոսը:
Ավելի վաղ ավստրալացի գիտնականներն ասել էին, որ Մեծ արգելախութի պահպանման համար Ավստրալիայի կառավարությունը պետք է հատկացնի 10 մլրդ դոլար: Սակայն այդ դեպքում էլ գիտնակնները չեն կարող երաշխավորել, որ արգելախութը կհաջողվի ամբողջությամբ փրկել։

















