Արագածոտնի մարզում կարկուտը լուրջ վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը, շինություններին

09:29 • 11.07.16

Հուլիսի 10-ի երեկոյան` ժամը 20.30-21-30-ի սահմաններում, ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Առանձնպես խոշոր չափերի հասնող կարկուտը վնասաբեր է եղել հատկապես Աշտարակի տարածաշրջանում: Մեծապես տուժել են Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան և այլ համայնքները:


Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելել է տուժած բնակավայրեր` վնասների մասին տեղում ծանոթանալու, համապատասխան գործողություններ կազմակերպելու նպատակով:  


Նախնական տվյալներով գրեթե ամբողջությամբ վնասվել են նշված համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները:  Ուղեղ քամին և կարկուտը էական վնասներ է պատճառել նաև շինություններին: Տեղահան են եղել շենքերի տանիքներ, տուժել են համայնքային ենթակառուցվածքներ:


Մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են աղետի հետևանքները, ճշգրտվում վնասների չափերը:


Ներկա պահին ուղեղ քամին և տեղումները շարունակվում են Ապարանի տարածաշրջանում: