Կուրսանտի սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց (տեսանյութ)
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: Ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի պաշտպան Սարգսյանը դատարանին միջնորդել էր հետաձգել նիստը՝ անձնական խնդիրների պատճառով: Դատավարության մյուս մասնակիցներն առարկություն չհայտնեցին նիստի հետաձգման վերաբերյալ: Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 19-ին՝ նախկինում նշանակված 18-ի փոխարեն:
Դատավարությունն ընդհատվել է տուժողների և վկաների հարցաքննության փուլում:Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր դատավորի՝ մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության, Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ , խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:










