Աբխազիայի նախագահը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի երկրում անկարգությունները չկրկնվեն

15:16 • 11.07.16

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան վստահեցրել է, որ իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի երկրում չկրկնվեն անկարգությունները, գրում է РИА новости-ն:

 

Հուլիսի 5-ին Սուխումում անցկացված հանրահավաքը վերածվել է զանգվածային անկարգությունների, ցուցարարները փորձել են գրոհով վերցնել ՆԳՆ շենքը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիայի ընթացքում վիրավորվել է 19 մարդ:  

 

Ցուցարարները պահանջել են Աբխազիայի նախագահից հուլիսի 10-ից աշուն տեղափոխել երկրի նախագահի արտահերթ ընտրությունների մասին հանրաքվեի անցկացումը, ինչպես նաև ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձապշբայի հրաժարականը՝ երկրում քրեական իրավիճակի վատթարացման պատճառով:

 

Ընդդիմության կարծիքով՝ Ձապշբան իբր մտադիր է եղել խոչընդոտել հանրաքվեին ՆԳՆ աշխատակիցների ազատ կամարտահայտմանը:

 

Կիրակի օրն Աբխազիայում անցկացվել է հանրաքվե, սակայն այն կայացված չի համարվել ցածր մասնակցության պատճառով:

 

«Ես Աստված չեմ, ոչ էլ թագավոր, ամեն դեպքում մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նման իրադարձություններն այլևս չկրկնվեն: Ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ ինչպես մեր ուժային կառույցների կողմից, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր Աբխազիայում խաղաղություն են ցանկանում, արվել է ամեն ինչ, որպեսզի այդ իրադարձությունները չկրկնվեն»,- ասել է Խաջիմբան լրագրողներին: