Մեր զորքերը պետք է լքեն «Ինջիրլիքը», եթե Թուրքիան թույլ չի տալիս մեր այցն ավիաբազա. գերմանացի խորհրդարանականներ

10:42 • 11.07.16

Մի քանի գերմանացի օրենսդիրներ կիրակի հայտարարել են, որ երկրի զինվորները, ովքեր գտնվում են Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում, պետք է վերադառնան հայրենիք, քանի որ Անկարան շարունակում է խոչընդոտել խորհրդարանականների այցին ավիաբազա, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Թուրքիան, որին զայրացրել է անցած ամիս Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը, թույլ չի տվել գերմանացի օրենսդիրների մուտքն ավիաբազա:

 

Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ խորհրդարանականներին պետք է թույլ տրվի այցելել ավիաբազայում գտնվող 250 զինվորներին, ովքեր մասնակցում են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ՆԱՏՕ-ի գործողություններին, բայց նա, այնուամենայնիվ, չի սպառնացել հետ կանչել զինվորներին:

 

Լրատվամիջոցը նշում է, որ Եվրոպա զանգվածային ներգաղթի ալիքը կանգնեցնելու ջանքերում կարևոր գործընկերներ հանդիսացող Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված են եղել վերջին ամիսներին: Գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է գերմանական հեռուստատեսությամբ իր մասին երգիծական երգի հեռարձակումը, և նա ապրիլին դատական գործընթաց է սկսել այդ երգը գրած երգիծաբանի դեմ: Անցած ամիս ընդունված հայկական բանաձևը, ինչի պատճառով Անկարան հետ է կանչել իր դեսպանին, է՛լ ավելի է վատթարացրել իրավիճակը:

 

Գերմանիայի ընդդիմադիր Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, ով թուրքական ծագում ունի, հայտնել է ARD հեռուստաալիքին, որ իրավիճակն անընդունելի է:

 

«Որպես օրենսդիրներ, ովքեր զինվորներ են ուղարկում տարբեր տեղեր, մենք պետք է իմանանք՝ որտեղ են նրանք, ինչպես են նրանք և կարողանանք խոսել զինվորների հետ: Եթե դա հնարավոր չէ Թուրքիայում, ապա զինվորները պետք է վերադառնան Գերմանիա»,- ասել է նա:

 

Մերկելը հարցին, թե արդյոք կքննարկվի՞ «Ինջիրլիքից» զորքերը դուրս բերելու հարցը, եթե ոչ մի համաձայնություն ձեռք չբերվի, հայտարարել է, որ նա կենտրոնանում է բանակցելու միջոցով հարցը լուծելու վրա:

 

«Պետք է ճանապարհ գտնել, որպեսզի օրենսդիրները կարողանան այցելել զինվորներին: Մենք պետք է շարունակենք աշխատել դրա վրա, լուծում դեռ չկա»,- ասել է նա ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում: